Եվրոպական ընկերությունները ստիպված են մինչև 3 հազար ժամ ծախսել՝ «Նորարարության հիմնադրամից» (Innovation Fund)՝ կանաչ տեխնոլոգիաների մշակման ֆինանսավորման համար, միջոցներ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման վրա։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով կազմակերպությունների ղեկավարներին։
«Cleantech for Europe» առևտրային ընկերության տնօրեն Վիկտոր վան Հորնը նշել է, որ բյուրոկրատական ընթացակարգերի վրա ծախսված 3000 ժամը համարժեք է մեկուկես տարուց ավելի աշխատանքի, եթե ենթադրենք, որ մեկ մարդ աշխատում է դրա վրա 36-ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։ «Ամենամեծ խնդիրը, որի մասին մենք լսում ենք, մնում է [ծախսված] ռեսուրսների ծավալը, թղթաբանության քանակը և այլն, ինչը հանգեցնում է հաստատման ցածր մակարդակի», - ասել է նա։
Համաձայն Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներքին տվյալների, որոնց ծանոթացել են թերթի լրագրողները, դիմորդների 77%-ը ստիպված է օգնություն խնդրել փաստաթղթերի ձևակերպման համար՝ գործընթացի բարդության պատճառով։ Թերթը նշում է, որ մեկ հայտ ներկայացնելը ընկերություններին արժենում է միջինը 85 հազար եվրո, իսկ հայտերի 20%-ից պակասն է հաստատվում։ ԵՀ-ի տեղեկություններով՝ ծրագրի մեկնարկից ի վեր հիմնադրամի շրջանակներում հատկացվել է 7.1 միլիարդ եվրո։ Բյուրոկրատական խոչընդոտների պատճառով ԵՄ-ն ընկերություններին փաստացի վճարել է այդ գումարի միայն 4.7%-ը։ Ֆինանսավորում ստանացած նախագծերից իրականացվում է միայն 6%-ը։
«Innovation Fund»-ը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ծրագիրն է, որն իրականացվում է «նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների» մշակման ֆինանսավորման համար։ Այն գործարկվել է 2020 թվականին։ Այն նախատեսված է 10 տարվա համար, որի ընթացքում ծրագրվում է հիմնադրամից մինչև 40 միլիարդ եվրոյի դրամաշնորհներ տրամադրել։ Ծրագրի շրջանակներում ընկերությունները կարող են ստանալ վճարում, որը ծածկում է կանաչ տեխնոլոգիաների մշակման ծրագրի արժեքի 60-ից մինչև 100%-ը։





























