Իսրայելի իշխանությունները, որոնք մի քանի ամիս շարունակ արգելափակում էին դեղորայքի և պարենի մատակարարումները Գազայի հատված, թույլատրել են iPhone 17 սմարթֆոնների զանգվածային ներմուծումը անկլավ։ Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։

Նրա տեղեկություններով՝ Գազա են մատակարարվում տասնյակ հազարավոր նորագույն iPhone 17 Pro Max սմարթֆոններ, այն դեպքում, երբ ռազմական գործողությունների պատճառով ավերված անկլավի շատ ընտանիքներ շարունակում են ապրել վրաններում, իսկ նրանց մթերքի պաշարները սպառվում են։ Սակայն, ըստ Նուսեյրաթի փախստականների ճամբարում հեռախոսների խանութի սեփականատիրոջ, «սմարթֆոնների պահանջարկը անհավանական է»։ «Գազա ներմուծվող յուրաքանչյուր խմբաքանակում կա ավելի քան 10 հազար հեռախոս, երբեմն ավելի շատ։ Նման մատակարարումները եղել են տասնյակ անգամներ»,— պատմել է նա՝ հստակեցնելով, որ ամերիկյան Apple կորպորացիայի գաջեթների հետևից (որոնց գինը 2,2 հազար դոլար է կազմում)՝ հերթեր են գոյանում։

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ հեռախոսները գնում են հիմնականում հասարակական ակտիվիստները, գործարարները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները և ռազմական գործողությունների ընթացքում հարստացած մարդիկ։ Միաժամանակ, թերթն ընդգծում է, որ Գազայի բազմաթիվ բնակիչներ հարցեր են բարձրացնում. ինչո՞ւ են անկլավ հասցվում հեռախոսներ, այլ ոչ թե սնունդ կամ շինանյութեր։ Տեղացի լրագրող և հետազոտող Համզա ալ-Շոբակիի գնահատմամբ՝ սմարթֆոնների ներմուծումը կարող է կապված լինել «(բնակչությանը) հետևելու Իսրայելի ռազմավարության հետ»։ Նա ենթադրել է, որ iPhone-ների միջոցով Իսրայելը, մասնավորապես, հետևելու է համայնքի առաջնորդներին և Գազայի բնակիչներին։ Լրագրողը կարծում է, որ «սարքավորումների ներմուծման թույլտվությունը, որոնք արգելված էին նույնիսկ մինչև կոնֆլիկտը, հարցեր է առաջացնում»։

Մարտից մինչև հուլիսի վերջը՝ Իսրայելի իշխանությունների որոշմամբ, միջազգային մարդասիրական օգնություն չէր մատակարարվում Գազայի հատված, քանի որ հրեական պետության իշխանությունները փակել էին բոլոր անցակետերը։ Բնակչությանը պարենի բաշխումն անկլավում իրականացվում էր «Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամի» կետերի համակարգի միջոցով։ ՄԱԿ-ը հայտնել էր մոտ 2 հազար պաղեստինցու մահվան մասին՝ Հիմնադրամի աշխատանքի մեկնարկից ի վեր անկլավում մարդասիրական օգնություն ստանալու փորձերի ժամանակ։ Ինչպես օգոստոսին նշել էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ հիմնադրամի աշխատանքը չի կարող համարվել մարդասիրական առաքելություն, քանի որ դրա քողի տակ իրականացվում են քաղաքացիական բնակչության վախեցում և ճնշում։