Փարիզում սկսվել է հայտնի ֆրանսիացի երգիծաբան Քրիստոֆ Ալեւեքի դատավարությունը: Նա անպատվել է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանին:
2011թ. հունվարին «SportMag» պարբերականը հրապարակել էր հարցազրույց Քրիստոֆ Ալեւեքի հետ: Նա Զինեդին Զիդանին համեմատել էր գովազդային վահանակի հետ՝ նրան մեղադրելով սեփական անձը վաճառելու մեջ: «Զիդանն ուղեղ չունի: Նա փող է կորզում սեփական անունի շնորհիվ: Եթե նա յոգուրտ է գովազդում, ապա թող դրա մեջ էլ խորտակվի: Դա մարմնավաճառության յուրահատու ձեւ է: Այդ տղամարդը մարմնավաճառ է»,- Ալեւեքին խոսքը մեջբերում է ֆրանսիական «Le Figaro»-ն:
Զիդանը դատի է տվել Ալեւեքին եւ նրանից պահանջում է 75 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում:
Փարիզի 17-րդ վարչական շրջանի դատարան ներկայացել է «SportMag» պարբերականի լրագրողը, որը պատրաստել է հոդվածը եւ ինքը՝ Քրիստոֆ Ալեւեքը, որը չի հրաժարվել իր խոսքերից: Ալեւեքը դատարանում հայտարարել է. «Եթե ինձ դատի տային բոլոր նրանք, ում դեմ ես ելույթ եմ ունեցել բեմից, ապա ես ստիպված կլինեի այստեղ՝ դատարանում ճամբար խփել: Ես ասել եմ ճշմարտությունը Զիդանի մասին: Նա պետք է չնեղանա ինձանից: Հումորն ու ազատությունը սահմաններ չունեն»:
«Հումորն ու վիրավորանքը տարբեր հասկացություններ են եւ ոչ մի ընդհանուր բան չունի խոսքի ազատության հետ»,- պատասխանել է Զիդանի փաստաբանը:
Դատավճիռը կհրապարակվի մարտի 22-ին:



























