Թրամփի վարչակազմը դեկտեմբերի 2-ին կասեցրել է 19 ոչ եվրոպական երկրներից ներգաղթի բոլոր դիմումները, ներառյալ՝ գրին քարտի և ԱՄՆ քաղաքացիության դիմումները։ Նրանց թվում են Աֆղանստանի, Բիրմայի, Բուրունդիի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Կուբայի, Լաոսի, Լիբիայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Տաջիկստանի և այլ երկրների քաղաքացիներ, որոնց համար հունիսին սահմանվել էին խիստ ներգաղթի սահմանափակումներ, հաղորդում է Reuters-ը։
Այս միջոցառումը հայտարարող պաշտոնական հուշագրում նշվում էր անցյալ շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային գվարդիայի անձնակազմի վրա տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով մեկ սպա զոհվեց, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվեց։ Կրակոցներից հետո որպես կասկածյալ ձերբակալվել է Աֆղանստանի 29-ամյա քաղաքացի։ Իշխանությունները սահմանափակումները մտցրել են՝ հղում անելով ազգային անվտանգությանը և հասարակական կարգին առնչվող մտահոգություններին։
Ըստ թարմացված կանոնակարգերի՝ իշխանությունները կասեցրել են դիմումների ուսումնասիրումը, ինչպես նաև երկրների որոշակի ցանկի բոլոր ներգաղթյալներին պարտավորեցրել են անցնել «մանրակրկիտ վերանայման գործընթաց, ներառյալ նախնական հարցազրույցը և, անհրաժեշտության դեպքում, երկրորդ հարցազրույցը, որպեսզի [իշխանությունները] կարողանան լիովին գնահատել ազգային անվտանգության և հասարակական անվտանգության նկատմամբ բոլոր սպառնալիքները»։
Ամերիկյան ներգաղթի իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ կազմակերպությունն արդեն ստացել է հաղորդագրություններ երդման արարողությունների, քաղաքացիության հարցազրույցների և կարգավիճակի հարցազրույցների փոփոխման մասին այն երկրներից անձանց համար, որոնց վրա տարածվում է մուտքի արգելքը։
Սպիտակ տան վրա հարձակումից հետո Թրամփը հայտարարել է, որ իշխանությունները կուժեղացնեն երկրում գտնվող օտարերկրացիների ստուգումները և կարտաքսեն բոլոր նրանց, որոնց համար Միացյալ Նահանգներում «տեղ չկա»։ Նա ընդգծել է, որ կրակողը Ամերիկա է ժամանել Աֆղանստանից նախորդ նախագահի վարչակազմի օրոք՝ 2021 թվականին։
«Մենք այժմ պետք է ստուգենք [Ջո] Բայդենի օրոք Աֆղանստանից մեր երկիր ժամանած յուրաքանչյուր օտարերկրացու, և պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած երկրից հեռացնելու ցանկացած օտարերկրացու, որի համար այստեղ «տեղ չկա» և որը [ոչինչ] չի ավելացնում մեր երկրին։ Եթե նրանք չեն կարող սիրել մեր երկիրը, մենք նրանց չենք ուզում»,- ասել է Թրամփը՝ ամերիկացիներին հասցեագրված իր տեսաուղերձում։ Նա միաժամանակ միջադեպն անվանել է «ատելության և ահաբեկչության ակտ», իսկ կրակողին՝ «կենդանի», խոստանալով, որ կրակողը «շատ բարձր գին կվճարի» և «շատ արագ արդարադատության» կարժանանա:





























