Չորեքշաբթի օրը Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև տեղի ունեցած ուղիղ բանակցությունները ԱՄՆ-ի կողմից գործադրված ճնշման ուղիղ հետևանք են եղել, որը պահանջում էր նրանցից սկսել երկկողմ երկխոսություն։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։
Նրա խոսքով՝ Իսրայելի և Լիբանանի ղեկավարությունները քիչ ոգևորություն են ցուցաբերել իրենց ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների հարցում։ Քանի որ երկկողմ լարվածությունը սրվել էր Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից հարվածների հաճախականության աճի պատճառով և ԱՄՆ-ն ուժեղացրել էր ճնշումը երկու կողմերի վրա։ Երեքշաբթի օրը Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանի տեղակալ Մորգան Օրտագուսը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ կոչ անելով նրան իր ներկայացուցիչներին ուղարկել հանդիպմանը։ Դրանից առաջ Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան կոչ է արել երկրի ղեկավարությանը ուղիղ երկխոսություն հաստատել՝ չնայած Իսրայելի կողմից շարունակվող, պարբերական հարվածներին։
Օրտագուսը Նեթանյահուին տեղեկացրել է, որ Իսրայելի համար Լիբանանի հետ կուտակված տարաձայնությունները լուծելու ներկայիս հնարավորությունների պատուհանը լավագույնն է, քանի որ երկրի ներկայիս ղեկավարությունը «լավագույնն է տասնամյակների ընթացքում»։ Երկու կողմերն էլ համաձայնել են իրենց բանակցողներին ուղարկել հանդիպմանը։
Ըստ Axios-ի աղբյուրների տվյալների՝ ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել Լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի դիտարկման կոմիտեի նիստի շրջանակներում նախապես ծրագրված հանդիպումից հետո, որն անցկացվում էր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հովանու ներքո։ Իսրայելցի և լիբանանցի դիվանագետներն առանձին հանդիպում են անցկացրել Օրտագուսի ներկայությամբ։ Ինչպես նշում է պորտալը, փոխգործակցության հիմնական մասը կապված է եղել «կողմերի միմյանց հետ ծանոթանալու» հետ։ Բանակցությունների առանցքային հարցը դարձել են կողմերի միջև Լիբանանի հարավային մասի շրջաններում տնտեսական համագործակցության հեռանկարները։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ հանդիպումը «լավ» է անցել և կողմերը պայմանավորվել են «ձևակերպել գաղափարներ՝ երկու երկրների միջև հնարավոր տնտեսական համագործակցության զարգացման համար»։ LBCI հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ լիբանանյան կողմը ևս գոհ է մնացել հանդիպման արդյունքներից։ Axios պորտալը նշել է, որ բանակցությունները 1993 թվականից ի վեր առաջին նման ուղիղ շփումներն են եղել։
Իսրայելն ու Լիբանանը երբեք դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել։ Բեյրութը չի ճանաչել հրեական պետությունը 1948 թվականին դրա ստեղծումից ի վեր։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկու կողմերը ոչ պաշտոնական կապ են պահպանում Վաշինգտոնի միջոցով։



























