Ադրբեջանի կառավարության աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը` վկայակոչելով իրավապահ մարմինների հաղորդած տեղեկությունները:

Տեղեկության համաձայն, ՆԳՆ Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության աշխատակազմի աշխատակից Չինգիզ Իսմայիլօղլու Գուլիեւը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել վստահության չարաշահման կամ խաբեության ճանապարհով կողմնակի անձանց աշխատավարձը յուրացնելու հոդվածով:

«Բիզիմ յոլ»-ը հայտնում է, որ Չինգիզ Գուլիեւը Նախարարների կաբինետում զբաղեցրել է ռեֆերենտի պաշտոն: Նա իր պաշտոնավարման ընթացքում օգտվել է մի շարք քաղաքացիների վստահությունից, մեծ քանակությամբ գումարներ է յուրացրել եւ նյութական հսկայական վնաս պատճառել: