ԱՄՆ վարչակազմը Washington Post պարբերականը «շաբաթվա մեդիա հանցագործ» է անվանել՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի՝ Կարիբյան ավազանում թմրանյութերի տեղափոխող նավերի վրա հարձակումներից փրկվածներին «սպանելու» հրամանը հրապարակելու համար: Դրա մասին հայտարարվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Վարչակազմը գործարկում է վիրտուալ «ամոթի սրահ» հարթակը, որտեղ, ըստ իշխանությունների, նշված են կեղծ կամ մոլորեցնող տեղեկություն տարածող լրատվամիջոցները: Ավելի վաղ այդ ցանկում ընդգրկվել էին CBS News-ը, Boston Globe-ը և բրիտանական Independent-ը՝ նախագահ Դոնալդ Թրամփի դեմոկրատների մասին հայտարարությունները ենթադրաբար աղավաղող պատմությունների համար:

Այս շաբաթ Սպիտակ տունը խստորեն քննադատել է Washington Post-ին այն հոդվածի համար, որտեղ, ըստ պարբերականի պնդումների, Հեգսեթը հրամայել է երկրորդ հարված հասցնել Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերին՝ առաջին հարձակումից փրկվածներին վերացնելու համար: ԱՄՆ վարչակազմը հրապարակումն անվանել է կեղծ և «ԱՄՆ զինված ուժերը վարկաբեկելու և հակաամերիկյան տրամադրությունները խթանելու նպատակ հետապնդող»: նմանատիպ հայտարարություններ է արել Պենտագոնը՝ ընդգծելով, որ հարվածներն իրականացվել են միջազգային իրավունքին համապատասխան:

Միացյալ Նահանգները Կարիբյան ավազանում իր գործողությունները բացատրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով պայմանավորված: Սեպտեմբերին և հոկտեմբերին ԱՄՆ ուժերը բազմիցս ոչնչացրել են Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավակներ, որոնք, նրանց կարծիքով, թմրանյութեր էին տեղափոխում: Միևնույն ժամանակ, NBC-ն հաղորդել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Վենեսուելայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հարվածներ հասցնելու հարցը: