ԱՄՆ զգալի տարածքում՝ արևմուտքից մինչև հյուսիս-արևելք, շարունակվում են առատ ձյան տեղումները, ինչը հանգեցնում է չվերթների չեղարկման և ուշացումների ամբողջ երկրի օդանավակայաններում, հայտնում է NBC News-ը։

Ձմեռային եղանակն ազդում է Ժայռոտ լեռների և հյուսիսային հարթավայրերի վրա, որտեղ 20 միլիոն մարդ գտնվում է ձմեռային նախազգուշացման պայմաններում։

Գիշերվա ընթացքում հարթավայրերում առատ ձյան տեղումների հատվածները տարածվել են Մեծ լճերի շրջանում՝ ներառելով այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսին Չիկագոն է։

Սպասվում է, որ Մեծ լճերի շրջաններում ձյան տեղումները կպահպանվեն, իսկ կեսօրին և երեկոյան կտարածվեն դեպի հյուսիս-արևելք։ Շրջանների մեծ մասում կտեղա 2-ից 5 դյույմ ձյուն, իսկ Այովայի որոշ հատվածներում հնարավոր է մինչև 6-8 դյույմ։ Հյուսիս-արևելքում սպասվում է մինչև 3 դյույմ ձյան շերտ։ Ըստ կանխատեսումների, եղանակային այս արագ փոփոխվող պայմանները կավարտվեն երկուշաբթի վաղ առավոտյան։

Կիրակի առավոտյան տվյալներով՝ դեպի ԱՄՆ, ԱՄՆ-ից և երկրի ներսում իրականացվող ավելի քան 2800 չվերթ հետաձգվել է, իսկ 203-ը՝ չեղարկվել։

Ուղևորությունների խափանումների մեծ մասը բաժին է ընկնում Չիկագոյի Օ'Հարա միջազգային օդանավակայանին՝ ավելի քան 600 հետաձգում և 145 չեղարկում։ Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանը հայտնել է ավելի քան 580 հետաձգման և 10 չեղարկման մասին, մինչդեռ Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանը գրանցել է գրեթե 100 հետաձգում և 20 չեղարկում։ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտարարել է վատ տեսանելիության պատճառով Հարթսֆիլդ-Ջեքսոնում թռիչքները մինչև տեղական ժամանակով 10:45-ը դադարեցնելու մասին։

Օ'Հարա օդանավակայանում ձյան և մերկասառույցի պատճառով չվերթների ուշացումը կազմում է գրեթե երկու ժամ։