Կոլումբիայի հյուսիս-արևելքում կիրակի տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու ոստիկան է սպանվել։ Իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Ազգային ազատագրական բանակին (ԱԱԲ)՝ մարքսիստական պարտիզանական կազմավորմանը, որը գործում է 1960-ական թվականներից, հայտնում է Associated Press-ը։
Երկրի նախագահ Գուստավո Պետրոն դատապարտել է ուրբաթ Կուկուտայում ոստիկանության սուպերինտենդանտի և կրտսեր սուպերինտենդանտի սպանությունները՝ զգուշացնելով, որ կավելացնի կոլումբիա-վենեսուելական սահմանի երկայնքով տեղակայված զորքերի թվաքանակը։
Կոլումբիայի ազգային ոստիկանության տնօրեն, գեներալ Ուիլյամ Օսպինան սոցիալական ցանցերում հայտնել է, որ Նորտե դե Սանտանդեր դեպարտամենտում երկու «ահաբեկչական գործողություն» է տեղի ունեցել։ Ըստ նրա, հարձակումներից մեկի հետևանքով սպաներ են զոհվել, իսկ մեկ այլ շրջանում երկու զինվոր է վիրավորվել։
Կոլումբիական ԶԼՄ-ները հրապարակել են պայթյունի վայրի լուսանկարները, որոնցում երևում է վնասված ճանապարհը։ Հիմնվելով նախնական հետաքննության վրա՝ Օսպինան հայտարարել է, որ հարձակումները «պարտիզանական ուժերի հատուցումն էին՝ ի պատասխան խմբավորման դեմ ոստիկանության հարձակողական գործողությունների»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, Կոլումբիայում տեղի է ունենում մարտական գործողությունների ակտիվացում և «հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացում». այս մասին երկիր կատարած վերջին այցի ժամանակ հայտարարել է կազմակերպության նախագահ Միրյանա Սպոլյարիչը։
ԱԱԲ-ն, որը զինված պայքար է մղում 1964 թվականից, խաղաղության բանակցություններ էր վարում Պետրոյի կառավարության հետ, սակայն բանակցություններն ընդհատվել էին այս տարվա սկզբին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով մոտ 100 մարդ էր զոհվել Կատատումբոյում, ինչպես նաև Նորտե դե Սանտանդերում։
ԱԱԲ-ն Վենեսուելայի հետ սահմանի վերահսկողության համար մրցակցում է «33-րդ ճակատի» հետ. այն Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի այժմ գոյություն չունեցող դիսիդենտական խմբավորումներից մեկն է, որը չի ընդունել 2016 թվականին պարտիզանների և կառավարության միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը։
Շաբաթ օրը Կոլումբիայի հարավ-արևմուտքում՝ Կաուկայում, պայթուցիկի կիրառմամբ ևս մեկ հարձակման հետևանքով յոթ մարդ է տուժել։