Պաղեստինյան արմատական Համաս շարժումը պատրաստ է 5, 7 կամ 10 տարի ժամկետով հրադադար կամ զինադադար առաջարկել իսրայելական կողմին՝ հակամարտության կարգավորման և անկախ Պաղեստին պետություն ստեղծելու գործընթացի շրջանակներում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Համասի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։

«Խոսքը վերաբերում է, նախ, [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղության պլանի] առաջին փուլի ամբողջական ավարտին, երկրորդ՝ քաղաքական գործընթաց սկսելուն, որի արդյունքը կլինի անկախ Պաղեստին պետությունը։ Այս ընթացքում մենք պատրաստ ենք գնալ 5, 7, 10 տարվա հրադադարի կամ զինադադարի», - Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է Համասի ներկայացուցիչը։

Նաիմը նաև հայտարարել է, որ պաղեստինյան շարժումը պատրաստ է Իսրայելի հետ բանակցություններում «համապարփակ մոտեցման» գնալ՝ հետագա սրացումից կամ մարտական գործողությունների շարունակումից խուսափելու համար։ Առանց մանրամասներ ներկայացնելու՝ նա նշել է, որ Համասը կարող է քննարկել «զինաթափման կամ սպառազինության սառեցման» հարցը։ Բացի այդ, հակամարտող կողմերի միջև պետք է կնքվեն անվտանգության հարցերի վերաբերյալ հուսալի համաձայնագրեր, որոնք, հիմնականում «թույլ կտան պաղեստինցիներին պաշտպանվել այն դեպքում, եթե նրանց վրա հարձակվեն», ընդգծել է Նաիմը։

Դեկտեմբերի 5-ին «Al Arabiya-ն»՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Գազայի հակամարտության կողմերը և միջնորդները համաձայնության են եկել Համասի զինաթափման նախնական քայլերի շուրջ, այդ թվում՝ խմբավորման ծանր զինամթերքի դուրսբերման վերաբերյալ։