Հունաստանում ագարակատերերի զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը շարունակի վճարել եվրոպական սուբսիդիաները և իրենց պահանջի կատարմանը հասնելու համար մտադիր են փակել ոչ միայն ճանապարհներն ու մաքսատները, այլև նավահանգիստներն ու օդանավակայանները, հաղորդում է Euronews-ը։
Թեսալիայի ագարակատերերը մտադիր են հաջորդ չորեքշաբթի փակել Վոլոսի նավահանգիստը։ Ոստիկանությունը զգուշացնում է, որ դա թույլ չի տա։
Հույն ագարակատերերը բախվում են OPEKEPE գյուղատնտեսական վճարային գործակալության կատարած վճարումների ուշացումների։ Դա տեղի է ունենում սկանդալի հետնապատկերում. Եվրոպական դատախազությունը պնդում է, որ մի քանի սուբսիդիա ստացողներ, հույն պաշտոնյաների օգնությամբ, յուրացրել են ԵՄ միջոցները։
Ագարակատերերը միաժամանակ բողոքում են իրենց արտադրանքի արտադրության ծախսերի աճի և շուկայական ցածր գների դեմ։
«Բոլորը պետք է հասկանան, որ խնդիրները լուծվում են երկխոսության միջոցով, և որոշակի կարմիր գծեր չպետք է հատվեն»,- պետական հեռուստատեսությամբ անդարդառնալով նավահանգիստների և օդանավակայանների հնարավոր շրջափակման թեմային՝ հայտարարել է գյուղական զարգացման և սննդի նախարար Կոստաս Ցիարասը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ «կլիմայի ճգնաժամի հետևանքները լուրջ անկայունություն են առաջացրել, գյուղատնտեսական մթերքի գներն այս տարի հասել են ամենացածր կետին, իսկ OPEKEPE-ի խնդիրները սրում են հիմնախնդիրը»։
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ վճարումները կշարունակվեն։



























