Իսրայելի հետ բանակցությունները Ռաս-էն-Նաքուրայում վերսկսելը արտացոլում է Լիբանանի ձգտումը՝ հասնել իր տարածքի վրա իսրայելական հարձակումների դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունը, ով դեկտեմբերի 8-ին Բեյրութում ընդունել է Ֆրանսիայի նախագահի՝ լիբանանյան կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ժան-Իվ Լը Դրիանին։
«Մենք ելնում ենք հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունից և կտրականապես չենք ցանկանում դիմել պատերազմի լեզվին»,- ընդգծել է քաղաքական գործիչը, ում խոսքերը մեջբերում է նախագահական մամուլի ծառայությունը։ «Եղբայրական և բարեկամ երկրների դրական արձագանքը Լիբանանի նման դիրքորոշմանը նշանակում է մեր ձեռնարկած քայլի աջակցությունը և հավանաբար, կթուլացնի ռազմական ճնշումը»։
Աունը հայտնել է, որ լիբանանա-իսրայելական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, այն անցկացվելու է Ռաս-էն-Նաքուրայում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի՝ Լիբանանում ժամանակավոր ուժերի (UNIFIL) շտաբը։ «Ողջունում ենք Ֆրանսիայի ցանկացած դերը, որը կնպաստի բանակցությունների հիմնարար նպատակներին հասնելուն»,- ասել է նա։ «Հուսով ենք, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և կապահովվի իսրայելական զորքերի դուրսբերումը հինգ օկուպացված շրջաններից, ինչպես նաև կազատվեն բոլոր ձերբակալված լիբանանցիները»։
Նախագահը անհամաձայնություն է հայտնել իսրայելական պնդումներին, թե իբր լիբանանյան բանակը լիարժեքորեն չի կատարում իր գործառույթները Լիտանի գետից հարավ ընկած տարածքում։ «Այս մեղադրանքներն անհիմն են և բացարձակապես անընդունելի, քանի որ մեկ տարի առաջ՝ տեղակայվելու պահից ի վեր զինված ուժերը լիովին կատարել են իրենց առաքելությունը»,- հայտարարել է նա։
Այնուամենայնիվ, Աունը հասկացրել է, որ լիբանանյան կողմը դեմ չէ, որ ՄԱԿ-ի և Ֆրանսիայի հովանու ներքո գործող հրադադարի դադարեցման դիտարկման կոմիտեն ստուգումներ իրականացնի՝ պարզելու համար, թե արդյո՞ք «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինամթերքի պահեստներ կան Լիտանի գետից հարավ, թե ոչ։
Դեկտեմբերի 3-ին՝ Ռաս-էն-Նաքուրայում բանակցությունների առաջին փուլի ժամանակ, երկրի հարավում գտնվող զորքերի հրամանատար գեներալ Նիկոլաս Թաբեթը հայտնել է, որ լիբանանցի զինծառայողները տարեսկզբից ի վեր Իսրայելի հետ սահմանակից շրջաններում զննել են 177 թունել և բռնագրավել 566 հրթիռային կայանք։





























