Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են զորքեր ուղարկել Գազայի հատված՝ որպես Միջազգային կայունացման ուժերի (ISF) մաս։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են թուրքական անվտանգության աղբյուրները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Մենք խնդիր չունենք Գազա զորքեր ուղարկելու և ISF-ին միանալու համար։ Ամերիկացիները նույնպես շատ են ցանկանում, որ մենք այնտեղ լինենք, մինչդեռ Իսրայելը դեմ է դրան։ Ամերիկացիները ճնշում են գործադրում Իսրայելի վրա՝ թուրքական զորքեր ունենալու համար [որպես զինված ուժերի մաս]», - մեջբերում են աղբյուրները։
Թուրքական անվտանգության աղբյուրները հաստատել են, որ որպես Իսրայելի և պաղեստինյան Համասի միջև հրադադարի երաշխավոր և խաղաղության գործընթացի ստորագրող կողմ, նրանք «պետք է այնտեղ լինեն»։
«Մեր ուժերը պատրաստ են։ Մենք պատրաստել ենք բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումները։ Հենց որ հրաման տրվի, մենք անմիջապես կձևավորենք մոդուլային ստորաբաժանում», - գործակալությունը մեջբերում է իր աղբյուրներին։
«Դուք չեք կարող ասել, որ «թուրքական զորքերը չեն կարող գալ», երբ պարզ է, որ Թուրքիան այն երկրներից է, որն ամենաշատ ջանքերն է գործադրել հրադադար հաստատելու համար և համակարգել է [պատանդներին իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ] փոխանակումը», - հավելել են աղբյուրները։
«Եթե դուք ասում եք, որ «թուրքական զորքերը չեն կարող գալ», դա նշանակում է, որ դուք չեք ցանկանում, որ այս առաքելությունը [հրադադարի և ISF-ի գործընթացը] հաջողությամբ պսակվի։ Դուք մտադիր եք շարունակել ցեղասպանությունը», - ասել են գործակալության աղբյուրները։
Շաբաթ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Դոհայի ֆորումի շրջանակում Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Գազայում հրադադարի ժամանակ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ծրագիրը չանցնի հաջորդ փուլ, ապա դա «հսկայական ձախողում» կլինի ամբողջ աշխարհի և Վաշինգտոնի համար։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը թույլ տալու և խմբավորման՝ Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնելու պատրաստակամության համար անհրաժեշտ են վստահելի պաղեստինյան քաղաքացիական վարչակազմ և ստուգված ու մարզված ոստիկանական ուժեր։
«Նախ և առաջ, մենք պետք է տեսնենք, որ պաղեստինցի տեխնիկական մասնագետների կոմիտեն ստանձնում է Գազայի կառավարումը, այնուհետև պետք է տեսնենք, որ Գազայում կարգուկանոն պահպանելու համար ոստիկանական ուժեր են ձևավորվում, կրկին՝ պաղեստինցիների, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի կողմից», - ասել է նա։
Թուրքիան դեռ հույս ունի, որ Իսրայելը թույլ կտա իր զորքերին մասնակցել Գազայում Կայունացման միջազգային ուժերի (ISF) տեղակայմանը, հայտնել է անցյալ ամսվա վերջին իսրայելական KAN News հանրային հեռարձակողը։
Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս դիտարկում է իր անվտանգության ուժերը Գազայում ստեղծվելիք միջազգային կայունացման ուժերի կազմում ընդգրկելու հարցը՝ հավելելով, որ որոշումը կկայացվի այդ քննարկումներից հետո։ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, եղել է Իսրայելի՝ Գազայի վրա հարձակման ամենակատաղի քննադատներից մեկը։ Այն առանցքային դեր է խաղացել հրադադարի մասին համաձայնագրի միջնորդության և երաշխավորի կարգավիճակով դրա ստորագրման գործում։
Այն բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը միանալու համաձայնագրի կատարման մոնիտորինգի ջանքերին, ինչին Իսրայելը կտրականապես դեմ է։





























