Միացյալ Նահանգները նախատեսում են ամերիկացի գեներալի նշանակել Գազայի հատվածում ապագա միջազգային կայունացման ուժերի հրամանատարի պաշտոնում, որոնց ստեղծումը նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրով։ Այս մասին՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։

Ըստ նրա տվյալների՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլթսը Իսրայել իր առաջին պաշտոնական այցի ընթացքում երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտնել է, որ անձամբ ծանոթ է այդ գեներալին և նշել, որ «նա շատ լուրջ մարդ է»։ Ուոլթսը նաև վստահեցրել է Իսրայելի կառավարության ղեկավարին, որ ամերիկացի հրամանատարի նշանակումը պետք է երաշխավորի հրեական պետության շահերը հետագա կարգավորման գործընթացում։

Axios-ի աղբյուրները նաև նշում են, որ ԱՄՆ-ն այս պահին գտնվում է կայունացման ուժերի ձևավորման վերջնական փուլում։ Ընդ որում, ամերիկացի զինվորականներն անմիջականորեն չեն մասնակցի Գազայում անվտանգության ապահովմանը։

Ավելի վաղ Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն մի շարք երկրների հետ բանակցում է Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժեր ստեղծելու շուրջ։ Դրանց կազմում կարող են ընդգրկվել Ադրբեջանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպես նաև պաղեստինյան ոստիկանության ստորաբաժանումները։