Դատախազությունը ուրբաթ դադարեցրել է այն տղամարդու գործը, որն ավելի քան քառորդ դար անցկացրել է մահապարտների խցում՝ մի կնոջ թալանելու եւ սպանելու համար ամերիկյան Օհայո նահանգի հյուրանոցում, տեղեկացրել է CBS News-ը։

Էլվուդ Ջոնսը ազատ է արձակվել այն բանից հետո, երբ դատավորը նոր դատավարություն է նշանակել 2022թ. դեկտեմբերին՝ գալով այն եզրահանգման, որ դատախազները համապատասխան ապացույցներ չեն ներկայացրել նրա փաստաբաններին շատ տարիներ առաջ։

Համիլթոն օկրուգի դատախազ Քոնի Փիլիչը հայտնել է, որ նրա գործի դադարեցումը հաջորդել է գործով ապացույցների եւ դատական փաստաթղթերի բազմամսյա համակողմանի դիտարկմանը։

«Ես այնքան էլ հեշտ չընկալեցի այս արտասովոր քայլը,- ասել է Փիլիչը իր հայտարարությունում։- Բայց, ուսումնասիրելով ապացույցները, վստահ չեմ, որ միստր Ջոնսը սպանել է Ռոդի Նաթանին»։

Ջոնսը մեղավոր է ճանաչվել ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության, թալանի եւ գողության համար 1994թ․, երբ մահու չափ ծեծել էր Նյու Ջերսիի նահանգի Թոմս Ռիվեր քաղաքի 67-ամյա բնակչուհուն։