Անցած տարի տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք թշնամաբար էին տրամադրված ներգաղթյալների նկատմամբ, Լոնդոնում քայլերթ անցկացրեցին՝ վանկարկելով «Ուղարկեք նրանց տուն», իսկ բրիտանացի օրենսդիրը դժգոհեց, որ հեռուստատեսությամբ չափազանց շատ «ոչ սպիտակամորթ» դեմքեր են ցուցադրվում, գրում է Associated Press-ը։

Իր հերթին բարձրաստիճան քաղաքական գործիչները հանդես եկան Մեծ Բրիտանիայում երկար տարիներ ապրող, բայց արտերկրում ծնված մարդկանց արտաքսման օգտին։ Ներգաղթյալների և ներգաղթյալի արմատներ ունեցող անձանց բացահայտ դևականացումն ուժեղանում է Մեծ Բրիտանիայում և ամբողջ Եվրոպայում՝ այն պայմաններում, երբ միգրացիան դառնում է քաղաքական օրակարգի ավելի արդիական թեմա, իսկ աջակողմյան կուսակցությունները ժողովրդականություն են ձեռք բերում։

Մի քանի եվրոպական երկրներում այն քաղաքական կուսակցությունները, որոնք հանդես են գալիս զանգվածային արտաքսումների օգտին և ներգաղթը դիտարկում են որպես ազգային ինքնության սպառնալիք, զբաղեցնում են առաջատար դիրքեր հասարակական կարծիքի հարցումներում․ Ռեֆորմիստական Մեծ Բրիտանիա, «Ալյանս հանուն Գերմանիայի» և Ֆրանսիայի «Ազգային միավորում»։

Վերջին տասնամյակում մի շարք եվրոպական երկրներում ներգաղթը կտրուկ աճել է, մասնավորապես՝ միլիոնավոր ապաստան հայցողների պատճառով, որոնք Եվրոպա են եկել՝ փրկվելով Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտություններից, ընդգծում է լրատվամիջոցը։

Սակայն ապաստան հայցողները կազմում են ներգաղթյալների ընդհանուր թվի փոքր տոկոսը, և փորձագետները նշում են, որ բազմազանության և միգրացիայի նկատմամբ հակակրանքը բխում է մի շարք գործոններից։ Նրանց կարծիքով, տնտեսական լճացումը 2008թ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, խարիզմատիկ ազգայնական քաղաքական գործիչների իշխանության գալը և սոցիալական ցանցերի բևեռականացնող ազդեցությունը իրենց դերն են խաղացել։

Ամբողջ Եվրոպայում էթնոազգային գաղափարախոսությունը տարածում են աջակողմյան կուսակցություններ, ինչպիսիք են «Ալյանս հանուն Գերմանիայի», Ֆրանսիայի «Ազգային միավորում» և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը։ Այժմ, կարծես, սա ստացել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հավանությունը, որի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը նկարագրում է Եվրոպան որպես «տնտեսական անկման» և «քաղաքակրթության մաշման» բախվող երկրների համախումբ՝ ներգաղթի և ազգային ինքնության կորստի պատճառով։