Օրերս Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում որոշում է կայացվել 2026 թվականի համար Հայաստանին հատկացնել 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա։ Քվոտան տարածվում է ինչպես ամբողջովին էլեկտրական, այնպես էլ հիբրիդային մեքենաների վրա: Մեքենաներն ազատվելու են ոչ միայն մաքսատուրքից, այլև ԱԱՀ–ից։

Ի՞նչ նոր հնարավորություններ է այս ամենը ստեղծում հայաստանյան շուկայի և էլեկտրական մեքենաների սիրահարների համար. այս մասին զրուցել ենք էլեկտրոմոբիլների հայաստանյան շուկայի առաջատար Eldrive ընկերության տնօրեն Աղասի Սիմոնյանի հետ։

2025 թվականը շատ ակտիվ տարի էր ՀՀ էլեկտրոմոբիլների շուկայի համար, և ահա տարին եզրափակում ենք լավ լուրով՝ 2026թ. համար Հայաստանին հատկացնել 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա։ Ինչպե՞ս այս որոշումը կանդրադառնա շուկայի և հատկապես շուկայական գների վրա։ 

Մեր ընկերությունը այն հաճախորդներին, որոնք արդեն պատվիրել են մեքենաներ, և որոնց այդ պահին ներկայացվել էին համապատասխան գները, ներկայումս մենք հրավիրում ենք և տեղեկացնում, որ եթե մեքենաների ստացումն իրականացվի հունվար ամսին, ապա դրանք հնարավոր կլինի ձեռք բերել առավել մատչելի պայմաններով։ Ինչ վերաբերում է շուկայի վրա ակնկալվող ազդեցությանը, ապա այն միանշանակ կլինի դրական և կնպաստի էլեկտրոմոբիլների վաճառքների հետագա աճին Հայաստանում։

Իսկ մոտավորապես որքա՞ն կկազմի գնային տարբերությունը ձեր հաճախորդների համար։

Այս պահի դրությամբ ֆինանսական հաշվարկները դեռ  ամբողջությամբ ավարտված չեն։ Տեսե'ք, վերջին շրջանում ի հայտ եկան որոշ խնդիրներ․ մասնավորապես՝ լոգիստիկ բարդություններ, որոնք պայմանավորված էին շուկայի ծանրաբեռնվածությամբ։ Շատ սպառողներ այս ժամանակահատվածը ընկալում էին  որպես «վերջին հնարավորություն» և փորձել են հնարավորինս արագ կատարել գնումը։ Բացի այդ, Չինաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունների հետևանքով մեքենաների ինքնարժեքն արդեն իսկ բարձրացել է։ Այդուհանդերձ, զրոյացված 15% մաքսատուրքի որոշ մասը այսպես թե այնպես կզիջվի հաճախորդներին, իսկ թե որքան՝ պարզ կլինի բարդ ֆինանսական հաշվարկներն ավարտելուց հետո։

Այս քվոտայի շրջանակում մենք աշխատում ենք շատ կոնկրետ և հաշվարկված մոտեցմամբ․ յուրաքանչյուր պատվերի համար իրականացվում են առանձին հաշվարկներ, կապ ենք հաստատում մեր հաճախորդների հետ և ներկայացնում առաջարկը՝ մեքենան ստանալ հունվար ամսին՝ ներկայիս գներից ավելի ցածր արժեքով։ Կարծում եմ՝ հաճախորդների մեծ մասը կընդունի այս տարբերակը, քանի որ խոսքը վերաբերում է ընդամենը մոտ տասն օր տարբերությանը՝ դեկտեմբերի 25-ին մեքենան ստանալու և հունվարի առաջին օրերին այն ստանալու միջև։

Ներկայում որքանո՞վ է հագեցած հայկական շուկան պահանջարկի առումով։ 

Հայկական շուկան ներկայումս գտնվում է զարգացման բարձունքում։ Մեր ընկերության իրականացրած ուսումնասիրությունների համաձայն՝ հայաստանյան շուկան տարածաշրջանում ամենաուժեղ դիրքերն ունի։ Համեմատության համար նշեմ, որ ինչպես Վրաստանի, այնպես էլ մեզ ոչ բարեկամ Ադրբեջանի շուկաների համեմատությամբ՝ Հայաստանի էլեկտրամոբիլների շուկան զգալիորեն ավելի զարգացած է։ Եթե չեմ սխալվում, ընթացիկ տարվա տվյալներով Հայաստանում վաճառվել է մոտ 18 000 էլեկտրոմոբիլ։ Ճիշտ է, այդ թվի մեջ ներառված են նաև երկրորդային շուկայի մեքենաները, այդ թվում՝ ԱՄՆ-ից ներմուծված վթարված ավտոմեքենաներ, սակայն այսուհետեւ գործելու են սահմանափակումներ. արտոնությունները, նաև ավելացված արժեքի հարկի մասով, տարածվում են
2024 թվականից հետո արտադրված մեքենաների վրա։ Կարծում եմ, որ նախատեսված 15 000 մեքենայի քվոտան Հայաստանն այս տարի անպայման կսպառի, և նույնիսկ ավելի մեծ քանակություն։

Երբ շուկայում հայտնվում է նոր տեխնոլոգիական ապրանքատեսակ, այն երբեմն բերում է որոշ կազուսային իրավիճակների, երբ մարդիկ սխալ են կիրառում դրանք։ Նմանատիպ խնդիրների բախվե՞լ եք էլեկտրոմոբիլների պարագայում։

Իհարկե, եղել են։ Այս մեքենաները ունեն հատուկ ֆունկցիա՝ ամրագոտին հանելուց և մեքենայից դուրս գալուց հետո ավտոմեքենան ավտոմատ կերպով անցնում է կայանման ռեժիմի։ Բայց այդ հնարավորությունը պետք է ակտիվացնել։ Քանի որ այն միացված չէր, տեղի էր ունեցել վթար։ Դրանից հետո գնորդը մեզ պահանջներ էր ներկայացրել՝ պնդելով, թե մեքենան անսարք է, և նույնիսկ բավականին անիմաստ դժգոհություններ էր հրապարակել սոցցանցերում։ Բայց սա մոտավորապես նույնն է, ինչ ասել՝ «ես չգիտեմ՝ ինչպես միացնել ապակեմաքրիչները, եկե՛ք, դուք ապակիները մաքրե՛ք»։

Սկզբնական շրջանում շատերը նույնիսկ զգուշությամբ էին վերաբերվում էլեկտրոմոբիլների գնմանը, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց։ Տարբեր փորձարկումներ, ինչպես նաև YouTube-ում բլոգերների իրականացրած թեստերը, ուսումնասիրությունները և համեմատությունները, որոնք բացահայտորեն ներկայացնում են ինչպես առավելությունները, այնպես էլ հնարավոր ռիսկերը, ամբողջական պատկեր են ցույց տվել սպառողներին։ Այդ փորձերի և թեստերի արդյունքում պարզ դարձավ, որ շրջանառվող բազմաթիվ մտավախություններ հիմնականում հիմնված են եղել խոսակցությունների, այլ ոչ թե փաստերի հիման վրա։

Դուք խոսեցիք պահանջարկի մասին, իսկ որքանո՞վ է հագեցված հայկական շուկան էլեկտրոմոբիլների ներկրման առումով, և որո՞նք են ձեր գլխավորած ընկերության մրցակցային առավելությունները շուկայում։

Ներկայումս Հայաստանի շուկայում թե՛ պահանջարկը, թե՛ ներմուծողների թիվը շատ բարձր է, ինչի հետևանքով մրցակցությունը բավականին բարդ է։ Մեր հիմնական մրցակցային առավելությունն այն է, որ մենք ապահովում ենք ամբողջական ծառայությունների շղթա՝ գնման փուլից մինչև հետվաճառքային սպասարկում, և աշխատում ենք համապատասխան մասնագիտական թիմով, ինչը շուկայում ոչ բոլոր ընկերություններն են առաջարկում։

Բացի այդ, կարևոր առավելություն է նաև այն, որ մեքենայի ներմուծման համար հաճախորդից մեծ կանխավճար չենք պահանջում․ սիմվոլիկ կանխավճարի դիմաց մեքենան ներկրվում է Չինաստանից, հաճախորդը հնարավորություն է ստանում տեսնել և գնահատել այն տեղում, և միայն դրանից հետո է կատարում վերջնական վճարումը։ Շուկայի որոշ խաղացողներ փաստացի հանդես են գալիս որպես գործակալ.  հաճախորդը կատարում է ամբողջական վճարում և իր անունով իրականացվում է ներմուծումը։ Ի տարբերություն  նման խաղացողների՝  մենք բոլոր հիմնական ռիսկերը վերցնում ենք մեզ վրա։

Բացի այդ, ապահովում ենք հետվաճառքային սպասարկում և տրամադրում ենք երեք տարվա երաշխիք բոլոր վաճառված մեքենաների համար։ Այդ ժամանակահատվածում մեքենաների բոլոր գործարանային խնդիրները ամբողջությամբ և անվճար լուծվում են մեր կողմից։

Այսինքն սպասարկման սերվիսներ էլ ունե՞ք։

Այս պահին մենք եռապատկում ենք մեր սերվիսի ծավալները, քանի որ ոչ երաշխիքային պայմաններով ձեռք բերված ավտոմեքենաները նույնպես սպասարկման կարիք ունեն Հայաստանում։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ երկրում էլեկտրոմոբիլների սպասարկմամբ զբաղվող ընկերությունների թիվը դեռ սահմանափակ է, ինչի արդյունքում պահանջարկը շարունակաբար աճում է։ Այդ պատճառով մենք փուլ առ փուլ ընդլայնվում ենք՝ նպատակ ունենալով ապահովել նաև այն մեքենաների սպասարկումը, որոնք վաճառվել են այլ ընկերությունների կողմից։ Մեր առաջարկած ծառայությունների ծավալին և որակին համեմատ՝ գները շուկայում մնում են շատ մրցունակ։

Ընկերությունը գտնվում է Դավիթ Բեկ 20/7 հասցեում։ Այստեղ գործում է լիարժեք ավտոսերվիս, ավտոպահեստամասերի խանութ, ինչպես նաև մենք հանդիսանում ենք ավտոպահեստամասերի անմիջական ներմուծող։ Պահեստամասերը ձեռք ենք բերում գործարաններից՝ միջնորդների միջոցով, և ներկրում Հայաստան՝ ապահովելով օրիգինալ արտադրանք։ Ներկայումս գործում է ութ սերվիսային հարթակ, իսկ առաջիկայում նախատեսվում է դրանց թվի ավելացում ևս 16-ով։

Այս փուլում Երևանից դուրս մասնաճյուղեր դեռ չունենք, սակայն համապատասխան պլանները մշակման փուլում են։ Նախատեսվում է ծառայությունների ընդլայնում մայրաքաղաքից դուրս՝ առավել խոշոր մարզերում, ինչպես նաև հետագա փուլում ավտոսրահների վարձակալում։ Մեր գնահատմամբ՝ այս ծրագրերը կիրականացվեն 2026 թվականին։

Տեսեք, Eldrive համարվում է շուկայի համեմատաբար երիտասարդ մասնակից, այդուհանդերձ, այսօր երբ խոսվում է էլեկտրոմոբիլներից, ձեր ընկերությունն առաջիններից է մարդկանց մտքին գալիս։ Ինչպե՞ս հաջողվեց ձեզ այսքան կարճ ժամանակահատվածում այսքան մեծ ճանաչելիություն ձեռք բերել։

Այո՛, Ձեր դիտարկումը լիովին ճիշտ է․ ընկերությունը փաստացի մեկ տարեկան է։ Թեև վաճառքների գործընթացը մեկնարկել է մոտ մեկ տարի և երկու ամիս առաջ, մեքենաների փաստացի հանձնումը հաճախորդներին սկսել ենք միայն այս տարվա հունվարից։ Այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում գրանցված հաջողությունը նախևառաջ պայմանավորված է պրոֆեսիոնալ թիմի ձևավորմամբ։ Թիմի ընտրության գործընթացը տևել է բավական երկար․ մանրակրկիտ քննարկումների, դիտարկումների և փորձերի արդյունքում մեզ հաջողվել է համախմբել նվիրված և ամենակարևորը՝ գործին լիովին տիրապետող մասնագետների։

Միաժամանակ, արդյունավետ բանակցությունների արդյունքում Չինաստանում կարողացել ենք ձեռք բերել հուսալի գործընկերներ և շահավետ առաջարկներ, ինչը հնարավորություն է տվել ձևավորել ավելի մատչելի գնային քաղաքականություն։ Դրանից զատ, առաջին իսկ վաճառքից մենք առաջնահերթություն ենք տվել մեքենաների հետվաճառքային սպասարկմանը։ Թիմի լիարժեք ներգրավվածության, շուկայում մրցունակ գների և հաճախորդին որակյալ պրոդուկտ առաջարկելու շնորհիվ մեզ հաջողվել է կարճ ժամանակում զբաղեցնել առաջատար դիրք շուկայում։

Մեկ տարվա ընթացքում ընկերությունը արժանացել է երկու մրցանակի, որոնք շնորհվել են անկախ փորձագետների և ուսումնասիրությունների արդյունքներով։ Մասնավորապես, Սպառողների ազգային ասոցիացիայից կապ են հաստատել մեզ հետ՝ նշելով, որ սպառողների կողմից ընկերության վերաբերյալ արձանագրվել են բարձր գնահատականներ և գոհունակության մակարդակ։ Ըստ Ասոցիացիայի՝ այս ոլորտում մրցանակ հնարավոր էր շնորհել միայն մեր ընկերությանը։ 

Երկրորդ մրցանակը շնորհվել է որպես լավագույն դիվերսիֆիկացիա իրականացրած ընկերություն։ Անկախ ուսումնասիրությունների և փորձագիտական գնահատումների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում հենց մեր ընկերությունն է ապահովել բիզնեսի ամենաարդյունավետ դիվերսիֆիկացիան՝ նվազեցնելով ռիսկերը և ամրապնդելով դիրքերը ոչ միայն տվյալ ոլորտում, այլև ընդհանրապես Հայաստանի բիզնես միջավայրում։

Դուք այս տարի մեծ փառատոն կազմակերպեցիք ռեկորդային վաճառքները նշելու համար։ Կասե՞ք՝ ռեկորդային վաճառքը մոտավորապես որքա՞ն է, և նմանատիպ միջոցառումներ ապագայում նախատեսու՞մ եք։

Այո՛, իհարկե, մենք սկզբից ևեթ որոշել ենք, որ փառատոնը լինելու է ամենամյա։ Ամեն տարի՝ մեր ընկերության հիմնադրման տարեդարձի օրերին, նախատեսում ենք կազմակերպել փառատոն՝ այդ կերպ նշելով մեր ծննդյան օրը։ Յուրաքանչյուր տարեդարձ կնշվի առանձին միջոցառմամբ՝ փառատոնային ձևաչափով։

Իրականում հետաքրքրվածությունը սպասվածից զգալիորեն մեծ էր։ Նախ և առաջ մուտքն ազատ էր, սակայն միջոցառման նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճից հետո ստիպված եղանք սահմանափակումներ մտցնել։ Մեր տարածքը նախատեսված է մոտ 5–6 հազար մարդու համար, և հենց 5 հազար մասնակից գրանցվելուց հետո հայտարարվեց «sold out», որպեսզի բացառվեն կազմակերպչական խնդիրներն ու գերբեռնվածությունը։

Ինչ վերաբերում է ռեկորդային վաճառքներին, ապա այն բանից հետո, երբ մեկ ամսվա ընթացքում արձանագրեցինք շուրջ 300 վաճառք, որոշում ընդունվեց այդ հաջողությունը նշել մեծ շուքով։ Նշեմ, որ մեր ընկերությունը ոլորտում միակն է, որը կազմակերպել է նման մասշտաբի համերգ-փառատոն։ Անձամբ ես Հայաստանում չեմ հանդիպել ավտոներկրման ոլորտում նման ծավալի միջոցառման կազմակերպման օրինակների․ սովորաբար անցկացվել են առավելագույնը նոր մոդելների շնորհանդեսներ, և դրանով գործընթացը սահմանափակվել է։

Ի՞նչ ծրագրեր ունեք 2026 թվականի համար։ Հնարավո՞ր է տեսականու ընդլայնում։

Այո՛, միանշանակ, մենք գործում ենք մուլտիբրենդային ձևաչափով։ Մենք չենք սահմանափակվում որևէ մեկ մակնիշով կամ մոդելով․ ներմուծում և վաճառում ենք տարբեր արտադրողների բոլոր մոդելները։ Մեր գործունեության շրջանակում չկա մոդելային որևէ սահմանափակում, առավել ևս՝ հաշվի առնելով, որ Հայաստանի շուկան նման արգելքներ չի նախատեսում։

Ավելին՝ նույնիսկ այն հանգամանքը, որ որոշ ապրանքանիշեր ունեն պաշտոնական ներկայացուցիչներ Հայաստանում, որևէ կերպ չի սահմանափակում մեր ներմուծման հնարավորությունները։ Մենք հնարավորություն  ունենք նույն ավտոմեքենաները շուկա բերել առավել մրցունակ և մատչելի գներով՝ միևնույն ժամանակ հաճախորդներին առաջարկելով նույն երաշխիքային պայմանները՝ ամբողջությամբ ստանձնելով հնարավոր ռիսկերը։

Իհարկե, շարունակելու ենք ընդլայնումը։ Մշտապես աշխատում ենք նոր մոդելների և նոր առաջարկների ուղղությամբ՝ համագործակցելով Չինաստանում մեր գործընկերների հետ։ Այս պահին շուկան ակտիվ զարգացում է ապրում նաև տաքսի ծառայությունների ոլորտում, ինչը, անկասկած, դրական միտում է։ Կարևոր է, որ Հայաստանի տաքսու ավտոպարկը աստիճանաբար թարմացվում է, մեքենաների որակն աճում է, իսկ ծառայության ստանդարտները՝ բարձրանում։ Այդ համատեքստում մենք զարգացնում ենք նոր ուղղություն՝ նպատակ ունենալով գտնել և ներմուծել առավել հարմար, որակյալ և արդյունավետ ավտոմեքենաներ, որոնք կարող են ծառայել որպես տաքսի Հայաստանում։

DSC03799.jpg (125 KB)

DSC03802.jpg (106 KB)

DSC03818.jpg (133 KB)

ElDrive Fest Aug 15 ph Daniil Primak 29.jpg (132 KB)

ElDrive Fest Aug 15 ph Daniil Primak 84.jpg (181 KB)

ElDrive Fest Aug 15 ph Daniil Primak 94.jpg (190 KB)

ElDrive Fest Aug 15 ph Daniil Primak 153.jpg (191 KB)

ElDrive Fest Aug 15 ph Daniil Primak 163.jpg (151 KB)

ElDrive Fest Aug 15 ph Daniil Primak 164.jpg (137 KB)

IMG_0392.JPG (87 KB)

IMG_2946.JPG (150 KB)

PHS_1907.jpg (63 KB)

PHS_1930.jpg (55 KB)

PHS_1941.jpg (67 KB)

PHS_2688.jpg (56 KB)

SaS-297.jpg (223 KB)