ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սիրուհին` Միմի Ալֆորդը ոչ երկիմաստ վերնագրով գիրք է գրել` «Լինում է, չի լինում մի գաղտնիք, կամ Իմ կապը նախագահ Քենեդիի հետ», որում առանց ավելորդ ամաչկոտության պատմում է «Ջեյ-Էֆ-Քեյի» հետ հարաբերությունների մասին: Մեմուարների հատվածներ է տպագրել ամերիկյան New York Post թերթը:
Միմի Ալֆորդի խոսքով` ԱՄՆ առաջին դեմքի հետ իր հարաբերությունները սկսվել են գրեթե 50 տարի առաջ` 1962թ. ամռանը, երբ նա` այն ժամանակ քոլեջի ուսանողուհի, պրակտիկա էր անցնում Սպիտակ տան մամուլի ծառայությունում: Նախագահի աշխատակազմում անցկացրած չորրորդ օրը աղջիկը գնացել է լողավազան եւ այնտեղ ծանոթացել է Քենեդիի հետ: Քենեդին այն ժամանակ 45տարեկան էր, Ալֆորդը` ընդամենը 19, ԱՄՆ օրենքներով նա անչափահաս էր:
Նույն օրվա երեկոյան նախագահի մոտ օգնական Դեյվ Փաուերսը Ալֆորդին Սպիտակ տան երկու աշխատակցուհիների հետ հրավիրել է Քենեդիի առանձնատուն: Այնտեղ նախագահն Ալֆորդին հրավիրել է իր կնոջ ննջարան, որտեղ նրանք առաջին անգամ հարաբերվել են: Գրքի հեղինակը պնդում է, որ Քենեդին իր առաջին տղամարդն է եղել:
Սիրով զբաղվելիս, գրում է Ալֆորդը, Քենեդին սիրել է խաղերը, եւ նրանց սեռական կյանքը «եղել է եւ բազմազան, եւ զվարճալի»: Դրա հետ մեկտեղ, Քենեդին երբեք նրա շուրթերը չի համբուրել, իսկ ինքը նրան միշտ «պարոն նախագահ» է անվանել:
Բայց այսքանով նախագահի գաղտնիքները, որոնք որոշել է պատմել 69-ամյա միսիս Ալֆորդը, չեն ավարտվում: Մի անգամ նա աղջկան առաջարկել է թմրադեղ փորձել:
«Նախագահն ինձ հարցրեց, թե արդյոք չեմ ցանկանում թմրադեղ փորձել, որը կարգավորում է սրտի աշխատանքը եւ բարձրացնում սեռական ակտիվությունը: Ես պատասխանեցի, որ ոչ, բայց նա ինձ չլսեց, վերցրեց դեղապատիճը եւ քթիս մեջ մտցրեց», - խոստովանում է հեղինակը: Նրա խոսքով Քենեդին ինքը այդ ժամանակ թմրադեղ չընդունեց:
Քենեդիի եւ Ալֆորդի վերջին ժամադրությունը տեղի է ունեցել 1963թ. նոյեմբերի 5-ին Մանհեթանում` նախագահի խորհրդավոր սպանությունից մեկ շաբաթ առաջ: Նա այդ ժամանակ հայտնել է, որ որոշել է ամուսնանալ, սակայն նախագահն ասել է, որ, միեւնույն է, մտադիր է հանդիպել նրա հետ:
Քենեդիի մահից հետո Միմին աշխատել է որպես եկեղեցու ադմինիստրատոր, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով New York Post-ին:




























