ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ջենիֆեր Լոկետան երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափի որևէ հատված, հայտնում է Reuters-ը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նա նշել է, որ Թրամփն ակնկալում է, որ բռնությունը կդադարի Արևմտյան ափին:
«Միացյալ Նահանգները նախկինի պես կենտրոնացած են Իսրայելի անվտանգության ապահովման, ինչպես նաև Գազայի հատվածում և Արևմտյան ափին կայունության հաստատման վրա», - երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Լոկետան:
«Նախագահ Թրամփը շատ հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում են Արևմտյան ափի բռնության դադարեցումը և որ Միացյալ Նահանգները թույլ չեն տա Արևմտյան ափի բռնակցումը», - հավելել է նա։
Արևմտյան ափին բնակվում է 2,7 միլիոն պաղեստինցի, որոնք օգտվում են սահմանափակ ինքնակառավարումից՝ իսրայելական ռազմական օկուպացիայի պայմաններում։ Այնտեղ հաստատվել են նաև հարյուր հազարավոր իսրայելցիներ։
Աշխարհի տերությունների մեծ մասը 1967 թվականի պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից զբաղեցված հողերում իսրայելական բնակավայրերի հիմնումը համարում են անօրինական, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր կոչ են անում Իսրայելին դադարեցնել բոլոր տեսակի բնակեցման գործողությունները։ Իսրայելը հերքում է բնակավայրերի անօրինականությունը՝ վկայակոչելով այդ հողի հետ ունեցած աստվածաշնչյան և պատմական կապը։
Բացի այդ, երեքշաբթի օրը իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ ծրագրում են քանդել Նուր աշ-Շամս փախստականների հյուսիսային ճամբարի մի քանի կառույցներ, որը երկար ժամանակ գոյություն ունի Արևմտյան ափին գտնվող Տուլկարմ քաղաքի մոտակայքում։ Պնդվում է, որ այդ տարածքում գտնվող ճամբարները «ծառայում են որպես ահաբեկչական գործունեության կենտրոններ»։





























