Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) մտադիր չէ վերադառնալ Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Դրա մասին Ալմաթիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԶԲ-ի կառավարման խորհրդի փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը՝ պատասխանելով Sputnik Armenia-ի հարցին։

Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, պատասխանելով Sputnik Armenia-ի հարցին, նշել էր, որ ԵԶԲ-ն դադարեցրել է իր մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։

«Նախագծին մասնակցել չենք ծրագրում։ Մենք տեսել ենք եզրակացությունը (էկոփորձաքննության- խմբ.)։ Բայց մեզ համար հիմնականն այլ հարց է։ Մեր ուշադրության կենտրոնում են ինտեգրացիոն նախագծերը։ Նախագծեր, որոնք գոյություն ունեն մեր մասնակիցների միջև»,- ասել է Մանդրոնը։

Որոշակի բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքներից բացի, որոնք այս դեպքում երկրորդական են, բանկը ինտեգրացիոն բաղադրիչ չի տեսնում։

Ըստ Մանդրոնի՝ բանկը պատրաստ է վերադառնալ դրան, եթե այլ իրավիճակ ստեղծվի։

Lydian Armenia-ն ՀՀ կառավարությունից ստացել է 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք։

2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան» միջազգային ընկերությունը և ԵԶԲ-ն ստորագրել են հուշագիր՝ 250 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավելու համար, որից 100 միլիոն դոլարը նախատեսվում էր ստանել ԵԶԲ-ից որպես վարկ։

Ամուլսարի հանքը, որը Հայաստանի երկրորդ խոշորագույն ոսկու հանքն է, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին է՝ Կեչուտի ջրամբարի և Ջերմուկի մոտ։ Էկոլոգիապես նշանակալի վայրերին մոտ լինելը բողոքի ալիք է բարձրացրել բնապահպանների շրջանում, որոնք 2018 թվականից ի վեր փակել են հանքի մուտքը։

«Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կառավարությունը նախաձեռնել է «Լիդիան»-ին նախորդ կառավարության տրած արտոնագրերի վերանայում։ Շրջակա միջավայրի գնահատումները ցույց են տվել, որ ռիսկերը կառավարելի են, բայց հանքը դեռևս չի գործարկվել։

Երկարատև պարապուրդի պայմաններում Lydian Armenia-ն հայտարարել է, որ օրական կորցնում է մոտ 500 հազար դոլար։ Չնայած ընկերության բաժնետոմսերի 12.5%-ը պետությանը փոխանցվելուն, հանքի գործարկման ամսաթիվը դեռևս անորոշ։