Դանիայի փոստային ծառայությունը դեկտեմբերի 30-ին կհասցնի իր վերջին նամակը՝ վերջ դնելով ավելի քան 400-ամյա ավանդույթին. հայտնում է The Guardian-ը։

Այս տարվա սկզբին նամակների առաքումը դադարեցնելու որոշման մասին հայտարարած PostNord-ը (ստեղծվել է 2009 թվականին՝ Շվեդիայի և Դանիայի փոստային ծառայությունների միավորման արդյունքում) հայտնել է, որ Դանիայում կկրճատի 1500 աշխատատեղ և կհեռացնի 1500 կարմիր փոստարկղ՝ դանիական հասարակության «աճող թվայնացման» ֆոնին։ Դանիան անվանելով «աշխարհի ամենաթվայնացված երկրներից մեկը»՝ ընկերությունը նշել է, որ նամակների պահանջարկը «կտրուկ նվազել է», մինչդեռ առցանց գնումները շարունակել են աճել, ինչն էլ ստիպել է իրեն կենտրոնանալ ծանրոցների վրա։

Ընդամենը երեք ժամ է պահանջվել, որպեսզի արդեն ապամոնտաժված 1000 ֆիրմային փոստարկղերը սպառվեն այս ամսվա սկզբին վաճառքի հանվելուց հետո։ Լավ վիճակում գտնվողների համար սահմանվել էր 2000 դանիական կրոն արժեք, իսկ մյուսների համար՝ 1500 դանիական կրոն։ Եվս 200-ը հունվարին կվաճառվի աճուրդով։

Դանիացիները նախկինի պես կկարողանան նամակներ ուղարկել Dao առաքման ծառայության միջոցով։

Դանիական փոստային ծառայությունը երկրում նամակների առաքման համար պատասխանատու է եղել 1624 թվականից։ Վերջին 25 տարվա ընթացքում Դանիայում ուղարկվող նամակների քանակը կտրուկ նվազել է՝ ավելի քան 90%-ով։ Սակայն առկա տվյալները վկայում են, որ երիտասարդների շրջանում նամակներ գրելու մշակույթի հնարավոր վերածնունդ է նկատվում։