Անկարան մտադիր է ընդլայնել Սև ծովում նավագնացության անվտանգության վերահսկողության թուրքական համակարգի գործողությունը։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության տրանսպորտի նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։
«Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում նավագնացության անվտանգության ոլորտում։ Մենք վերահսկում ենք նավերի անցումը բոլոր նեղուցներով, որտեղ աշխատում է նավագնացության մոնիտորինգի մեր համակարգը՝ ինչպես Դարդանելի, այնպես էլ Բոսֆորի նեղուցում։ Եվ մենք ռադարների օգնությամբ կընդլայնենք Մարմարա ծովի ողջ տարածքում նման վերահսկողության ծառայությունները։ Մեր պլանների մեջ է մտնում այս համակարգը տարածել նաև Սև ծովի վրա», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պլանավորում են շտապ սկսել այս վերահսկողության համակարգի ներդրումը Արևելյան Միջերկրական ծովում՝ «Մերսինից մինչև Կիպրոս ընկած տարածքում՝ իրավիճակի ավելի լավ մոնիթորինգի» համար։
Համակարգը, որի մասին խոսել է նախարարը, իրականացվում է ծովային երթևեկության վերահսկողության ծառայությունների մատուցման ազգային նախագծի շրջանակներում։ Այժմ աշխատանքներ են տարվում Արևելյան Միջերկրական ծովում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։ Այնտեղ կկառուցվեն լրացուցիչ ռադիոլոկացիոն, օդերևութաբանական կայաններ և կետեր, կապի կայաններ ու տեսահսկման կետեր։ Միասնական ենթակառուցվածքի մեջ կմիավորվեն ավտոմատ նույնականացման համակարգի, ռադարային կայանների և դիտարկման ու վերահսկողության լրացուցիչ միջոցների տվյալները։ Ինչպես նշում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում, սա հնարավորություն կտա իրականացնել ծովային երթևեկության շուրջօրյա, անընդհատ և առավել արդյունավետ հսկողություն, հաղորդել նավագնացության վերաբերյալ տեղեկություններ, նախազգուշացումներ տալ նավերին և վերահսկել անվտանգությունը։




























