ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը պահպանվում է հակառեկորդային՝ 36% մակարդակի վրա, հայտնի է Gallup ընկերության հարցումից:

«Ամերիկացիների կայուն 36%-ը հավանություն է տալիս Դոնալդ Թրամփի աշխատանքին, ներառյալ՝ հանրապետականների 89%-ին, անկախների 25%-ին և դեմոկրատների 3%-ին: Նախագահի վարկանիշը չի փոփոխվել նախորդ ամսվա համեմատ, երբ այն իջել էր իր երկրորդ ժամկետի համար նվազագույն ցուցանիշին», - ասվում է հարցման արդյունքների հիման վրա ընկերության կայքում զետեղված հրապարակման մեջ:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում ամենահայտնի քաղաքական առաջնորդը, ըստ հարցման, Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելն է, որին սատարում է հարցվածների 44%-ը: Երկրորդ տեղում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է՝ 41% աջակցությամբ, իսկ երրորդ տեղը 39-ական տոկոս ձայներով կիսում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և առողջապահության նախարար Քենեդի կրտսերը: Ամենաքիչ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերն է, որին սատարում է հարցվածների ընդամենը 28%-ը:

Հարցումից նաև պարզվում է, որ ամերիկացիների 48%-ը Թրամփին համարում է ուժեղ և վճռական առաջնորդ, 40%-ը վստահ է, որ նա ի վիճակի է իրականացնել ԱՄՆ-ի համար անհրաժեշտ փոփոխությունները: Ամենաքիչ թվով հարցվածները (30%) համոզված են, որ Թրամփն ազնիվ է և վստահության արժանի:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների միայն 24%-ն է գոհ այն ուղղությունից, որով ընթանում է իրենց երկիրը:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-15-ը՝ 1016 չափահաս ամերիկացիների շրջանում: Վիճակագրական սխալի հավանականությունը կազմում է 4 տոկոսային կետ: