Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լիվերպուլն» իր դաշտում ոչ-ոքի` 0-0 է խաղացել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Այս խաղը նույնքան վառ չի անցել, ինչպես «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, սակայն իսկական անգլիական ֆուտբոլի հիանալի օրինակ է եղել:
Խաղը հագեցած էր էմոցիաներով եւ պայքարի ցանկությամբ, հատկապես, երբ խոսքը սեփական դարպասն անառիկ պահելու մասին էր: Մարտին Շկրտելի անձնուրաց պաշտպանությունը եւ Քայլ Ուոքերի փայլուն խաղը պարզապես զարդարեցին հանդիպումը: Հարձակման գծում կարելի է առանձնացնել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդին, ով թվում էր, թե երկուսի փոխարեն է խաղում:
Այդուհանդերձ, խաղի պատկերը մռայլվեց մի քանի տհաճ միջադեպերով: Նախ` Գարեթ Բեյլը աչքի ընկավ սիմուլյացիայով, որին հետեւեց նրա եւ Ագերի կոնֆլիկտը: 8 խաղով որակազրկված Լուիս Սուարեսը կարող էր կրկին հանգստի մեկնել, եթե խաղի մրցավար Փարքերի դեմ ուղղված նրա գործողություններում դիտավորություն տեսներ: Սուարեսը պարզապես ոտքով հարվածել էր անգլիացու որովայնին:




























