«Իմ ամենամեծ նպատակը մեծ հայրենադարձության կազմակերպումն է». այս խոսքերը 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից հնչեցրել է այն ժամանակ` վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Թե որքանով է պաշտոնավարման յոթուկես տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել իրագործել իր ամենամեծ նպատակը, փորձել ենք պարզել թվերով` ուսումնասիրելով պաշտոնական ցուցանիշները:

NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ ճշտելու, թե 2018 թվականից մինչ օրս հայրենադարձության տարբեր ծրագրարի շրջանակներում սփյուռքի քանի՞ հայրենակից է վերադարձել և մշտական բնակություն հաստատել Հայաստանում: 

Հաշվի առնելով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնվել է 2019 թ. հունիսին, վիճակագրական ցուցանիշները տրամադրվել են 2019-ից սկսած՝ արտացոլելով հայկական սփյուռք ունեցող ավելի քան 40 երկրներում բնակվող մեր հայրենակիցներից ստացված հայրենադարձությանը վերաբերող և հայրենիքում ինտեգրմանն աջակցելու դիմումների թիվը:

Մասնավորապես ըստ գրասենյակի տրամադրած տվյալների՝ 2019 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիության ձեռքբերման, ՀՀ-ում մշտական և հատուկ կացության կարգավիճակների ստացման, առողջապահության, կրթության, անձնական գույքի տեղափոխության, փաստաթղթերի ճշգրտման, աշխատանքի տեղավորման, ինտեգրման ծրագրերին մասնակցելու, ՀՀ ներպետական ընթացակարգերում աջակցություն ստանալու և այլ հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ստացել է ավելի քան 20 հազար դիմում՝ նամակի, զանգի կամ այցելության տեսքով:

«Հետևաբար, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է վերոհիշյալ քանակի հարցում և ուղեկցել է հայրենակիցներին հայրենադարձման գործընթացում»,-ասված է NEWS.am-ին հղված պատասխանում:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու  Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը յուրաքանչյուր տարի աշխատում են հազարավոր  հայրենադարձների հետ: Խորհրդատվություն և մշտական կապ է պահպանվում նաև նախահայրենադարձման գործընթացում /դեռևս ՀՀ չտեղափոխված/ գտնվող բազմաթիվ հայրենակիցների հետ: Աջակցության և խորհրդատվության շրջանակը ներառում է բազմաթիվ ոլորտներ:

2021-2025 թթ. Գրասենյակի կողմից կազմակերպվող հայոց լեզվի անվճար պետական դասընթացներն ավարտել է շուրջ 1000, ինտեգրման սեմինարները /հարկեր, հաշվապահություն, բիզնեսի հիմնում, իրավական հարցեր, մշակութային ադապտացիա/՝ 300 հայրենադարձ: 

2022-2025 թթ. անվճար բժշկական աջակցությունից /պետպատվեր/ օգտվել է 279 հայրենադարձ:

Վերջին մեկ տարում, առանց պետական միջոցների ներգրավման, Գրասենյակի գործընկերների ֆինանսական աջակցությամբ, օդանավի տոմսեր են ձեռք բերվել երեք տասնյակ հայրենակիցների համար, որոնք տեղափոխվել են Հայաստան հակամարտության գոտիներից և խոցելի համայնքներից»,-ասված է գրասենյակի պատասխանում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են նաև, որ 2019-2021 թթ. տարեկան մինչև 10 հազար, իսկ 2022-2025 թթ. տարեկան 20-25 հզ ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակի ստացման դիմումներ են կատարվել, որոնց բացարձակ մեծամասնությունը ազգությամբ հայերն են: 

Համեմատության համար նշենք, որ տարեկան մինչև 10 հազար և ավելի քաղաքացիության և ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակի ստացման դիմումներ Հայաստանի իրավասու մարմինները ստացել են նաև մինչև 2018 թվականը: Օրինակ՝ համաձայն պաշտոնական վիճակագրական ցուցանիշների՝ միայն 2016 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ են ստացվել ավելի քան 7000  անձանցից, իսկ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել շուրջ 6000 քաղաքացի:

Իսկ ինչ վերաբերվում է 2022-ից ի վեր ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակի ստացման դիմումների աճին, ապա այս ցուցանիշը գլխավորապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և ՀՀ քաղաքացիություն սատանլու համար դիմած անձանց քանակով, ինչը չեն թաքցնում նաև իշխանությունների ներկայացուցիչները։

ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թիվը շեշտակի աճել է հատկապես 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո: Պաշտոնական ամենաթարմ տվյալների համաձայն՝ 2025թվականի դրությամբ Արցախից տեղահանված 26,233 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ ինչպես 2018-ի՝ «մեծ  հայրենադարձության» նպատակը, այնպես էլ 2025 թվականի փետրվարին Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանի» գաղափարախոսության՝ «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց» դրույթը այդպես էլ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում մեծ մասսայականություն չեն  վայելում: Ավելին, հայկական սփյուռքը  տարեցտարի ընդլայնվում է. ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ գերադասում են ապրել և աշխատել օվկիանոսից այն կողմ, եվրոպական երկրներում, անգամ՝ պատերազմող Ռուսաստանում: