Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին «տեղեկատվության արտահոսքի աղբյուրը»։ Այս մասին օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Ինչպես նշել է Օրբելյանը, անհնար էր առաջիկա ձերբակալության մասին ավելի բաց տեքստով ասել, քան դա արեց հենց Փաշինյանը։ Փաստաբանը նկատել է, որ վերջին մեկ ամիսն ինքն էլ ամեն օր սպասում էր դրան՝ հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները։ Վարչապետի վարքագիծը իրավաբանը բացատրում է նրանով, որ Փաշինյանը չի կարող դուրս գալ լրագրողի դերից։ «Նրա խնդիրները սահմանված են Սահմանադրության 3-րդ գլխով։ Նա բացի դրանից անում է ամեն ինչ, հեծանիվ է քշում, քննարկումներ է անում խորհրդարանում», - նկատել է Օրբելյանը։ Նա խորհուրդ է տվել Փաշինյանին գնալ ԱԱԾ, ինչպես և խոստացել էր, ու աշխատանքից ազատել բոլորին՝ ով պատահի։

«Այնտեղ գիտեն, որ հենց ինքն է աղբյուրը, բայց վախենում են դա նրան ասել։ Կամ ասում են, բայց նա նրանց չի լսում։ Ավելի ճիշտ՝ նրան ասում են սպասել, մինչև միջոցառումն իրականացվի, և միայն հետո մեկնաբանել, բայց նա չի կարողանում իրեն զսպել, ձգտում է նախապես ազդարարել, հայտարարում է ու ակնարկում, իսկ երբեմն էլ ուղղակի բաց տեքստով հենց ինքն է ասում», - նշել է Օրբելյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է, որ Քոչարյանը 2018 թվականից ի վեր ամեն օր սպասում էր ձերբակալության։ Քանի որ իշխանության մեջ գտնվող գործիչները չեն փոխվում, ձերբակալությունները կարող են ապագայում ևս կրկնվել, երբ Քոչարյանն ազատ արձակվի, կարծում է Միկոյանը։

«Նա «արտահոսքի» աղբյուր է փնտրում, դրանով ուզում է ասել, թե տանը կղզի չեն գտել, որովհետև նախազգուշացված էին։ Նրանք իրենց հավատացողների վստահությունը ոչ միայն չարաշահում են, այլև ենթարկում են դաժան խմբակային բռնության», - հայտարարել է Միկոյանը։