Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը, ինչպես նաև «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի իրականացումը, հաղորդվել է Ադրբեջանի առաջնորդի կայքում։

«Առաջնորդները նշել են 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի պատմական նշանակությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վավերացված համատեղ հռչակագրի, ինչպես նաև «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» համաձայնեցված տեքստի նախաստորագրման կարևորությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային կապերի հաստատումը նշվել են որպես խաղաղության դիվիդենդների կարևոր գործնական դրսևորումներ։

Առաջնորդները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր են փոխանակել հետագա փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

«Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքի շարունակման նշանակությունը՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- ընդգծվել է հաղորդագրության մեջ։

Ալիևն ու Փաշինյանը նաև քննարկել են Վաշինգտոնի գագաթաժողովի նշանակալի արդյունքներից մեկի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP երթուղու երկայնքով տրանսպորտային հաղորդակցության զարգացման նախագծերի կարևորությունը։

Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը դրական են գնահատել վստահության ձևավորմանն ուղղված շփումները՝ պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, նշելով դրանց ներդրումը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի պահպանման գործում։

«Ալիևն ու Փաշինյանը համաձայնել են ուղիղ երկկողմ շփումների միջոցով ձեռնարկել հետագա քայլեր՝ կայուն խաղաղության ամրապնդման, երկկողմ միջպետական հարաբերությունների կարգավորման առաջմղման և տրանսպորտային կապերի զարգացման նպատակով»,- ընդգծվել է տեղեկատվության մեջ։