Հակամարտությունները և եղանակային պայմանները գյուղատնտեսական արտադրանքի գները հասցրել են վերջին 14 տարվա ընթացքում ամենամեծ ամսական աճին օգոստոսին։ Bloomberg Agriculture Spot Index-ի տվյալների համաձայն, որը հետևում է 10 հիմնական գյուղատնտեսական և պարենային ապրանքների, այս ցուցանիշն անցած ամիս աճել է 13 տոկոսով՝ հասնելով 434 դոլարի։
Ցորենը դարձել է աճի գլխավոր գործոններից մեկը․ ցորենի գները վերջերս հասել են եռամյա առավելագույնին՝ Սևծովյան նավահանգիստների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, նշվել է հաղորդագրությունում։ Օգոստոսի վերջին ցորենի մեկ բուշելի (27,2 կիլոգրամ) արժեքը բարձրացել է մինչև 7,79 դոլար՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2023 թվականի փետրվարից ի վեր։
«Եթե Սևծովյան ավազանից արտահանումը չվերսկսվի, շուկան ավելի ու ավելի շատ կբախվի բազմասեզոնային մատակարարումների խնդրին, այլ ոչ թե կարճաժամկետ լոգիստիկ խնդրի»,- նշվել է Lachstock Consulting վերլուծական և խորհրդատվական ընկերության զեկույցում։ «Արգենտինական ցորենի որակը կասկածներ է առաջացնում, Կանադան ունի սահմանափակումներ, Ավստրալիան՝ արտահանման հզորությունների սահմանափակումներ, իսկ Ամերիկան ավելի ու ավելի հաճախ է դառնում ավելի թանկ մնացորդային մատակարար»,- նշվել է հաղորդագրությունում։
Bloomberg-ը ևս մեկ խնդիր է համարում կլիմայական փոփոխություններով պայմանավորված վատ եղանակը․ ամառային շոգից տուժել է եգիպտացորենի բերքը ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Հաջորդ տարվա բերքի, այդ թվում՝ կակաոյի հատիկների համար, լրացուցիչ ռիսկեր կստեղծի Էլ Նինյո բնական երևույթը, որը ազդում է մոլորակի կլիմայի վրա։




























