Toyota-ն և Honda-ն կարող են փակել Կանադայում իրենց արտադրագծերի մի մասը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած՝ կանադական ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքն ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով վերլուծական տվյալներին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թիրախավորել է Օտտավան՝ առաջարկելով 50 տոկոսանոց մաքսատուրք սահմանել կանադական ավտոմեքենաների ներմուծման վրա, սակայն դրա գինը, ի վերջո, կարող են վճարել ճապոնական Toyota և Honda ընկերությունները... Հնարավոր է՝ նրանք ստիպված լինեն փակել որոշ արտադրագծեր, եթե մաքսատուրքերն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, ինչպես առաջարկվում է», - փոխանցել է գործակալությունը։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 50 տոկոս կբարձրացնի Կանադայից ներմուծվող ավտոմեքենաների, ավտոբաղադրիչների և պողպատի մաքսատուրքերը։ Այս քայլը հաջորդել էր առևտրային բանակցությունների տապալմանը, որից հետո Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ից կսահմանվեն պատասխան մաքսատուրքեր։

Պարբերականը նշել է, որ Կանադայում արտադրվող բոլոր ավտոմեքենաների ավելի քան երեք քառորդը բաժին է ընկնում Toyota-ին և Honda-ին։ Barclays-ի վերլուծաբանների տվյալներով՝ անցած տարի Կանադայում արտադրված մեքենաները կազմել են Honda-ի վաճառքների գրեթե մեկ քառորդը և Toyota-ի վաճառքների 17 տոկոսը ԱՄՆ-ում, ինչն ավելի բարձր է, քան մյուս խոշոր ավտոարտադրողներինը։