Հունական առափնյա պահպանությունը հինգշաբթի Ֆարմակոնիսի կղզու մոտ սկսել է անհետ կորած երեխայի որոնումները՝ էգեյան ծովում երկու առանձին միջադեպի ժամանակ 52 ներգաղթյալների փրկելուց հետո, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նրանք գտել են 13 ներգաղթյալի, որոնք ժամանել էին փոքրիկ անմարդաբնակ կղզի, սակայն խմբից մի տղա դեռևս անհետ կորած է համարվում, հայտնում է ANA լրատվական գործակալությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ Կրետե կղզու հարավային մասում փչովի նավակում հայտնաբերվել է ևս 39 ներգաղթյալ։ Նրանց տարել են Կրետեի Կալոի Լիմենես գյուղ։ Նրանց ազգության մասին մանրամասներ չեն տրամադրվել։
Ֆարմակոնիսի ափերի մոտ՝ Թուրքիայի ափի դիմաց, գործողության անցկացման համար գործի են դրվել ափային պահպանության երկու նավ և ռազմաօդային ուժերի մի ուղղաթիռ։
Շատ ներգաղթյալներ փորձում են հունական կղզիներ հասնել Թուրքիայից կամ Լիբիայից՝ Եվրամիություն մուտք գործելու համար։ Սակայն երկու անցակետն էլ վտանգավոր են։ Այս ամսվա սկզբին Կրետեի ափերի մոտ 17 մարդ մահացած է գտնվել ներգաղթյալների նավակի մեջ։ Եվս 15-ը անհետ կորել են։ Նավը մեկնել էր լիբիական Տոբրուկ նավահանգստից, և զոհերի մեծ մասը սուդանցիներ կամ եգիպտացիներ էին։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ տարվա սկզբից Կրետե է ժամանել ավելի քան 16 հազար 770 ԵՄ ապաստան խնդրող՝ ավելին, քան Էգեյան ծովի որևէ այլ կղզի։





























