Լեհ գիտնականները ստեղծել են էլեկտրամագնիսական համակարգ, որը կարող է անմիջապես վնասազերծել թշնամու անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է լեհական TVP World հեռուստաալիքը։ Ըստ մշակողների՝ այդ առաջընթաց տեխնոլոգիան կարող է արմատապես փոխել կարևորագույն ենթակառուցվածքների և զգայուն օբյեկտների պաշտպանությունը։

Stratus անվամբ համակարգը մշակել է Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի մի թիմը և օգտագործում է հզոր էլեկտրամագնիսական իմպուլսներ՝ անօդաչու թռչող սարքերի էլեկտրոնային բաղադրիչները խափանելու կամ ոչնչացնելու համար, գրում է գերմանական DW-ն։ Ի տարբերություն ավանդական հակաօդային սպառազինության, մասնավորապես՝ հրազենը կամ պայթուցիկ սարքերը, Stratus-ն օգտագործում է կարճ, բարձր ինտենսիվության իմպուլսներ, որոնք կարող են գրեթե անմիջապես վնասազերծել անօդաչու թռչող սարքը՝ առանց ֆիզիկական պայթյուն առաջացնելու։

Հետազոտողները մշակումը համեմատում են «անտեսանելի պաշտպանիչ վահանի» հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է լաբորատոր և վերահսկվող պայմաններում, սակայն դեռևս գործնականում չի կիրառվել։