Եվրոպայում ռեկորդ են սահմանել ոչ միայն սառնամանիքները, այլեւ գազի եւ էլեկտրաէներգիայի գները, որոնք աճում են ջերմաստիճանի անկմանը զուգահեռ: Փետրվարի սկզբին Լոնդոնի բորսայում գազը 28%-ով թանկացել է մինչեւ 93 փենս, կամ 520 դոլար հազար խորանարդ մետրի համար:
Գազը թանկանում է տարածաշրջանում աննախադեպ սառնամանիքներին զուգահեռ, ինչպես նաեւ Եվրոպայում գազի խոշոր մատակարարող ռուսական «Գազպրոմի» մատակարարումների կրճատման հետեւանքով:
Այդ նույն ժամանակ էլեկտրաէներգիայի գները Ֆրանսիայում փետրվարի 6-ից կրկնակի են դարձել` կազմելով մոտավորապես 140 եվրո 1 մվ/ժ համար: Դա կապված է էլեկտրաէներգիայի նկատմամբ երկրում մեծ պահանջարկի հետ, որը մոտ ապագայում կարող է հասնել պատմական առավելագույնի` 98 գիգավատտ:
«Գազպրոմն» անցյալ շաբաթ կրճատել է Եվրոպա մատակարարվող գազը սառնամանիքների եւ ներքին շուկայում պահանջարկի աճի պատճառով: Գազային մենիշխանության ներկայացուցիչները կրճատման պատճառ են բերում Ուկրաինային, որի միջոցով է մատակարարվում «Գազպրոմի» տրամադրած վառելիքը: Այժմ մատակարարումների քանակը երկրներից մեծ մասում վերականգնվել է, գրում է Lenta.ru-ն:




























