Պարզվում է, շիմպանզեներն իսկական ընկերներ են, որոնք ունակ են ալտրուիզմ դրսեւորել: Այսպիսին են Ճապոնիայի Ինույամա քաղաքի պրիմատների հետազոտության կենտրոնի պրիմատոլոգների ուսումնասիրության արդյունքները:

Իրենց փորձերի համար գիտնականները շիմպանզեների վանդակը բաժանել են երկու հատվածների, որոնց միջեւ եղել է փոքրիկ պատուհան, իսկ բաժանող պատը` թափանցիկ կամ անթափանց:

Կապիկներից մեկի մոտ եղել է տարբեր սարքերով լի արկղ, իսկ մյուսի մոտ` սողանցք ունեցող արկղ, որի ներսում եղել է մեկ բաժակ հյութ: Մի դեպքում սարքերին կարելի էր հասնել փայտի միջոցով, մյուս դեպքում` խմել հյութը ձողիկի միջոցով:

Թափանցիկ պատի դեպքում շիմպանզեն տեսնում էր մյուսի ջանքերը եւ նրան փոխանցում անհրաժեշտ փայտը կամ գործիքը, իսկ անթափանց պատի դեպքում, շիմպանզեներն հերթով իրար էին փոխանցում բոլոր սարքերը, որոնցով հնարավոր էր հասնել նպատակին:

Հետազոտության արդյունքները տպագրվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Ճապոնացի պրիմատոլոգների հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդուն բնորոշ ալտրուիստական վարքը բնորոշ է նաեւ այլ կենդանիների, մասնավորապես, մարդանման կապիկներին: