Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսանող, ծագումով եթովպացի Քիդուս Թեզերան անհավանական ճանապարհորդություն է կատարել Միացյալ Թագավորությունով՝ անցնելով ողջ երկիրը սեփական ձեռքերով պատրաստած փայտե հեծանիվով:
Քիդուսը Եթովպիայից Անգլիա է տեղափոխվել ութ տարի առաջ և ընդունվել Կայսերական քոլեջի կենսաքիմիայի ֆակուլտետ: Ժամանակի ընթացքում ուսումնական առօրյան հոգնեցրել է նրան և նա որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել: Երիտասարդը տեղափոխվել է Լիդս՝ հորեղբոր մոտ, որտեղ սկսել է կյանքի նոր ուղղություն փնտրել:
Աշխատելով հանրային արհեստանոցում՝ Քիդուսը տարվել է փայտե հեծանիվ ստեղծելու գաղափարով: Նրա խոսքով՝ փոխադրամիջոցը գրեթե ամբողջությամբ հավաքված է վերամշակված նյութերից. օրինակ՝ արգելակը պատրաստված է հին հողաթափերից: Հետագայում արհեստանոցի ղեկավարը նրան մի արկածախնդիր գաղափար է առաջարկել՝ անցնել ողջ երկիրն այդ արտասովոր հեծանիվով:
Չնայած հատուկ պատրաստվածության բացակայությանը՝ Քիդուսն ընդունել է մարտահրավերը և ճանապարհ ընկել Լիդսից: Նա ուղևորվել է առանց վրանի և առանց հյուրանոցներում գիշերելու համար նախատեսված գումարի: Սակայն ճանապարհորդությունը շատ ավելի ջերմ է ստացվել, քան նա սպասում էր։
«Ճանապարհին անցկացրած երկուս ու կես ամսվա ընթացքում ես պատրաստ էի վատթարագույնին, բայց մարդիկ անդադար օգնում էին ինձ», — պատմել է Թեզերան: Նա նշել է, որ անծանոթները գիշերակաց են առաջարկում, իսկ մի դիջեյ, տեսնելով TikTok-ում նրա տեսանյութերը, նույնիսկ վճարել է հյուրանոցում նրա բնակության համար: Հետագայում, երբ Քիդուսը վրան է գնել, տեղացիները հաճախ թույլ են տվել այն տեղադրել իրենց այգիներում:
Աստիճանաբար ճանապարհորդի պատմությունը հայտնի է դարձել սոցիալական ցանցերում: Ոգեշնչվելով շրջապատի աջակցությունից՝ նա դրամահավաք է կազմակերպել եթովպական բարեգործական կազմակերպության համար, որն օգնում է բնակչության խոցելի շերտերին:
Ուղևորության ընթացքում Քիդուսը գիշերել է ամբարներում, գյուղական ակումբներում և սրտացավ մարդկանց տներում՝ հաճախ գիշերակացի դիմաց օգնելով նրանց տնային գործերում: Երթուղու վերջնակետը դարձել է Դուվր քաղաքը, որտեղ նրան դիմավորել է եթովպական համայնքը՝ հյուրասիրությամբ և խորհրդանշական նվերով՝ իր անունով հեծանիվի արձանիկով:
«Նախկինում ինձ թվում էր, թե կյանքումս շփման պակաս կա: Այս ճանապարհորդությունը ցույց տվեց, թե որքան մեծ ու բարի կարող է լինել աշխարհը: Ինձ վերջնագծին հասցրին ոչ թե փողը կամ դիմացկունությունը, այլ պարզ մարդկային բարությունը», — ամփոփել է Քիդուս Թեզերան:




























