Սինգապուրում դատարանը վեց ամսվա ազատազրկման է դատապարտել մի կնոջ, ով 34 տարի շարունակ երկրում աշխատել է առանց պաշտոնական թույլտվության։ Այս մասին հայտնում է Mothership պարբերականը։

Դեկտեմբերի 23-ին դատարանը որոշում է կայացրել երկու ֆիլիպինցի քաղաքացիների գործով, որոնք երկրում աշխատել են առանց թույլտվության: Պարզվել է, որ նրանցից մեկը՝ 72-ամյա Ֆլորդելիզա Կորդետան, մի քանի տասնամյակ անօրինական աշխատել է երկրում: Նա Սինգապուր է եկել 1989 թվականին՝ որպես տնային տնտեսուհի աշխատելու համար: Սակայն 1991 թվականին նրա աշխատանքային թույլտվությունը չեղյալ է հայտարարվել, քանի որ գործատուն չի վճարել պահանջվող վճարը:

Այդուհանդերձ, Կորդետան չի լքել Սինգապուրը և շարունակել է աշխատել ևս 34 տարի և հինգ ամիս: Հետագայում նա թարմացրել է իր վիզան, սակայն 16 տարի առաջ դադարեցրել է նաև դա անել: Երկրորդ ամբաստանյալի փաստաթղթերի ժամկետը նույնպես լրացել էր 16 տարի առաջ:

Ի վերջո, դեկտեմբերի 23-ին Կորդետան դատապարտվել է կես տարվա ազատազրկման և երեք հազար սինգապուրյան դոլարի չափով տուգանքի: Նրա գործընկերուհին ստացել է նույնքան ժամկետ, բայց ավելի փոքր տուգանք: Երկու կանայք էլ ընդունել են իրենց մեղքը և մեղմացում խնդրել: Արդյունքում, մարմնական պատժի փոխարեն նրանց նկատմամբ տուգանքներ են նշանակվել: