2025 թվականը ներառվել է դիտարկումների պատմության ամենաշոգ երեք տարիների շարքում։ Այս մասին հայտարարել է եվրոպական «Կոպեռնիկոս» կլիմայի մոնիթորինգի ծառայությունը՝ նշելով, որ «մրցանակակիր» տարիները հաջորդում են մեկը մյուսին՝ 2023-ից մինչև 2025։

Ծառայության փորձագետները արձանագրում են, որ մարդկությունն ընդհուպ մոտեցել է 1,5 °C տաքացման շեմի գերազանցմանը, որից հետո, նրանց կարծիքով, անդառնալի փոփոխություններ կսկսվեն։

Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման տասներորդ տարեդարձին աշխարհն ընդունեց, որ փաստաթղթի հիմնական նպատակը՝ գլոբալ ջերմաստիճանի աճը 1,5 °C սահմաններում պահելը, չի իրականացվել։ Գիտնականները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաճախակի դարձած բնական աղետներն ու կատակլիզմները վաղուց դադարել են «պարզապես եղանակ» լինել։ Դրանք հանգեցնում են մարդկային զոհերի, խախտում մատակարարման շղթաները, նվազեցնում բերքատվությունը և վտանգի տակ են դնում մոլորակի էներգետիկ անվտանգությունը։

2025 թվականը սկսվեց Կալիֆորնիայում ավերիչ հրդեհներով, իսկ ավարտվեց Հարավ-Արևելյան Ասիայում մասշտաբային ջրհեղեղներով։ Փորձագետները մոլորակի գերտաքացումը կապում են մարդու գործունեության, մասնավորապես՝ հանածո վառելիքի այրման հետ։ Սակայն Բրազիլիայում կայացած կլիմայի համաժողովի ընթացքում երկրները չկարողացան համաձայնության գալ այդ վառելիքից հրաժարվելու կարևորագույն կետի շուրջ։ Այս տարի ձախողվեցին նաև Ժնևում պլաստիկի վերաբերյալ միջազգային բանակցությունները։