Հունվարի 1-ի գիշերը Ամստերդամի Վոնդելկերկ եկեղեցում մեծ հրդեհ է բռնկվել։ Կրակը կլանել է պատմական շենքի սրաձողը, իսկ առավոտյան փլուզվել է եկեղեցու աշտարակը, հաղորդում է NL Times-ը։
Հրդեհի մասին առաջին հաղորդագրությունները ստացվել են տեղական ժամանակով մոտավորապես 00:45-ին՝ Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների՝ հրդեհը սկսվել է Վոնդելստրատ փողոցում գտնվող եկեղեցու տանիքից, ապա արագ տարածվել ամբողջ շինությունում։
Տարածքում փողոցները փակվել են, տեղում աշխատել են արտակարգ ծառայությունները: Մոտակա շենքերի բնակիչներն ուժեղ ծխի պատճառով տարհանվել են, իսկ մյուսներին կոչ է արվել փակել պատուհաններն ու դռները, հաղորդում է Onliner-ը։ Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հրդեհը սարսափելի է անվանել և ընդգծել, որ քաղաքի բնակիչների անվտանգությունն ու բարեկեցությունը մնում են գերակա։
Հրդեհը հաջողվել է մարել հունվարի 1-ի առավոտյան։ Հրդեհի պատճառը ներկայում հետաքննվում է։ Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին և մինչև 1977 թվականը եղել է կաթոլիկ եկեղեցի և համարվում էր քաղաքի պատմական տեսարժան վայրերից մեկը։




























