Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, հայտնում է Грузия Online-ը։
Ըստ գերատեսչության հայտարարության, Թբիլիսիում ուշադիր հետևում են երկրում ընթացող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ «հետագա գործընթացները կզարգանան վենեսուելացի ժողովրդի շահերին համապատասխան»։
Գերատեսչությունը հույս է հայտնում, որ Վենեսուելայի վերջին իրադարձությունները կհանգեցնեն Վենեսուելայի իշխանությունների կողմից Վրաստանի օկուպացված տարածաշրջանների «ճանաչման» չեղարկմանը։
«Հաշվի առնելով այն, որ Վենեսուելայի իշխանությունները, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, անկախ պետություններ են ճանաչել Վրաստանի օկուպացված տարածաշրջանները՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան, մենք հույս ենք հայտնում, որ վերջին իրադարձությունները կբերեն այդ անօրինական որոշման չեղարկմանը՝ Վրաստանի ազգային շահերին և միջազգային իրավական սկզբունքներին համապատասխան»,- նշվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։