Մեծ Բրիտանիայում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին մասնակից Ֆլորանս Գրինը: Կինը մահացել է փետրվարի 4-ին 110 տարեկան հասակում. նրա 111-րդ տարեդարձին մնացել էր 2 շաբաթ: 

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆլորանսը մատուցողուհի է աշխատել Նորֆոլք կոմսության Մարխեմի բրիտանական ռազմաօդային ուժերի կայանում: Նա ծառայության է անցել 1918 թվականի սեպտեմբերին, պատերազմի ավարտից 2 ամիս առաջ, եւ իր ծառայությունն անցկացրել է Կանացի թագավորական ռազմաօդային ուժերում, որոնք ստեղծվել են 1918 թվականին եւ գոյություն ունեցել 2 տարի, հաղորդում է BBC-ը:

Իր հարցազրույցներից մեկում կինը պատմել է այդ անցած պատերազմական օրերի մասին. հանդիպումներ օդաչուների հետ, աշխատանքից հետո հիանալի ժամանց: Նա խստովանել է, որ կարելի է ասել` դրանք եղել են իր կյանքի լավագույն տարիները:

2011 թվականին Ավստրալիայում մահացել էր Կլոդ Չուլզը` Առաջին համաշխարհայինի վերջին վետերանը, որը մասնակցել էր ռազմական գործողություններին: Նա նույնպես մահացել էր 110 տարեկանում: Նրա մահվանից հետո Գրինը պաշտոնապես ճանաչվել էր պատերազմի վերջին վետերան: