Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենան դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։