Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այն տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ-ն, իբր, առաջարկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեկնել Թուրքիա։
«Մենք նման տեղեկություն չենք ստացել. Նման բան տեղի չի ունեցել»,- ըստ TRT Haber-ի՝ ասել է Էրդողանը։
Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ դեկտեմբերի 23-ին ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին առաջարկել են լքել իր երկիրը և մեկնել Թուրքիա, սակայն Վենեսուելայի առաջնորդը «զայրացած մերժել է այդ ծրագիրը»։
Վենեսուելայի արտգործնախարար Իվան Գիլ Պինտոն հունվարի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարձակվել է Կարակասում քաղաքացիական և ռազմական թիրախների վրա։ Նա Վաշինգտոնի գործողությունները անվանել է ռազմական ագրեսիա, ինչը հանգեցրել է լատինաամերիկյան հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է հարվածները։ Վաշինգտոնը գործողություն է իրականացրել Մադուրոյին և նրա կնոջը բռնելու և երկրից հեռացնելու համար։





























