ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է երկար գրառում, որում պնդում է, թե առանց իր միջամտության Ռուսաստանը կարող էր ամբողջությամբ գրավել Ուկրաինան։

Թրամփի գրառումը սկսվում է հիշեցմամբ, որ իր ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են պաշտպանության վրա ծախսել իրենց ՀՆԱ-ի 5%-ը, մինչդեռ նախկինում նրանք ծախսում էին միայն 2%-ը, «և մեծ մասը չէր վճարում իր հաշիվները»։

«Առանց իմ միջամտության, Ռուսաստանը հենց հիմա գրաված կլիներ ԱՄԲՈՂՋ ՈՒԿՐԱԻՆԱՆ»,- հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տուն մտնելուց առաջ նա խոստացել էր 24 ժամվա ընթացքում դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, սակայն առ այսօր խաղաղություն հաստատելու նրա բոլոր ջանքերը որևէ փոփոխություն չեն բերել ռազմաճակատում։ Ռուսաստանը մերժել է ԱՄՆ նախագահի ժամանակավոր հրադադարի (որին աջակցել է Ուկրաինան) նախնական առաջարկը և շարունակում է պնդել տարածքային զիջումների վրա։

Թրամփը դադարեցրել է նաև Ուկրաինային ուղղակի ռազմական օգնություն տրամադրումը, սական չի խոչընդոտում եվրոպական դաշնակիցների վճարած ամերիկյան զենքի մատակարարումներին։

Իր գրառման մեջ Թրամփը գանգատվել է նաև, որ «ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հիմարաբար որոշել է ինձ Նոբելյան խաղաղության մրցանակը չշնորհել»։