ԱՄՆ-ն կարող է միանալ եվրոպական երկրներին՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ առաջարկելով Գրենլանդիայի դիմաց: Նման կարծիք է հայտնել Քվինսիի ինստիտուտի Եվրասիական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Անատոլ Լիվենը՝ բրիտանական Unherd վերլուծական պորտալի իր սյունակում:

Ըստ նրա՝ «կամավորների կոալիցիային» ԱՄՆ աջակցությունը «գին կունենա, և այդ գինը կարող է լինել Գրենլանդիան»: Նա նշել է, որ Վաշինգտոնը դեռևս որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել հակամարտության ավարտից հետո Ուկրաինային աջակցելու վերաբերյալ:

Լիվենը նշել է, որ Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո հայտարարության մեջ խոսվել է միայն ԱՄՆ «առաջարկած» աջակցության և «երաշխիքներ ապահովելու միջոցառումների» մասին՝ առանց որևէ լրացուցիչ մանրամասնության: Փորձագետն ընդգծել է, որ նման լեզուն, հավանաբար, նախատեսված է Կիևին «վստահություն ներշնչելու» համար՝ միաժամանակ խուսափելով Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումից:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու և ռազմական կենտրոններ ստեղծելու մտադրություններն «անհիմն են հնչում», քանի որ դրանք չեն հիմնավորվում ապագա զորքերի թվաքանակի վերաբերյալ թվերով: Լիվենը նաև նշեց, որ Փարիզում հաջող գագաթնաժողովի մասին եվրոպացի առաջնորդների հայտարարությունները կարող են «պյուռոսյան հաղթանակ» լինել, քանի որ Ռուսաստանը, հավանաբար, կմերժի կարգավորումը նման պայմաններում: