Հունվարի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը Կնունյանց փողոցից «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Թ․-ն է։
Իրավապահները պարզել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կնունյանց փողոց 20 հասցեի մոտակայքում չպարզված հանգամանքներում իրեն անծանոթ անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ վերջիններիս կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով։
Կայքի տեղեկություններով ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին Արմեն Թ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Սմբատ Դ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան, վիճաբանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։





























