Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին  «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թ․ դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ էր այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, որը, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ էին ստացել, տեղափոխել էին հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։