Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանդիպել է Թուրքիայի գլխավոր բանակցող եւ եվրաինտեգրման հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ: Հանդիպմանը քննարկվել է Թուրքիայի դերը Սիրիայում, վիզային ռեժիմը եւ երկրի` ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները: Պատասխանելով լրագրողների հարցերին` զրուցակիցները շոշոփել են նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ Ֆրանսիայի ընդունած նոր օրենքին առնչվող հարցեր:

Բաղիշը հրաժարվել է պատասխանել հետաքննության մասին հարցին, որը  նախաձեռնել էր Շվեյցարիան` նրա հայտարարությունների կապակցությամբ, որոնցում նա ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը: Նախորդ ամիս Ցյուրիխում Բաղըշը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, եւ շվեյցարական իշխանություններն այժմ կարող են ձերբակալել նրան: «Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, եւ ես վայրկյան իսկ չեմ վատնի ԵՄ-ին չվերաբերող հարցի մասին խոսելու համար», - Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ասել է թուրք նախարարը:

Ամեն դեպքում, Շուլցը եւ Բաղըշը ստիպված են եղել մեկնաբանել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որը վերջերս հաստատվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից: Մարտին Շուլցն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որը 2005թ. ընդունած բանաձեւով Թուրքիային կոչ է արել  «ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդ խոստովանությունը ԵՄ մտնելու նախապայման է համարում»:

Իր կողմից անձամբ Շուլցը հայտարարել է. «Որպես գերմանացի, ես գիտեմ նաեւ իմ երկրի պատմությունը եւ Գերմանիայի կայսերական բանակի դերն անցյալում: Այնուամենայնիվ, ես այսօր թուրքական իշխանություններին խորհուրդ եմ տալիս այն, ինչը որ նախկինում: Դուք պետք է նայեք ձեր պատմության երեսին եւ թույլատրեք դրա անկախ հետաքննությունը: Եթե դա հանգեցնի այն եզրակացությանը, որ կատարվածը ցեղասպանություն է եղել, ապա դուք պետք է այն ընդունեք: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Թուրքիան պետք է լուծի այս խնդիրը: Ես հարգում եմ ֆրանսիական խորհրդարանի ինքնավարությունը եւ անկախությունը, եւ ես հարգում եմ Ֆրանսիայի ընդունած օրենքը: Ես գիտեմ, որ Եվրամիությունում մեծ մասը ֆրանսիական խորհրդարանի անդամներից շատերի հետ  համակարծիք են»:

Բաղըշը պատասխանել է. «Այս հարցով պետք է զբաղվեն գիտնականները: 2005 թվականին Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահին նամակ է ուղարկել` ասելով. «Ես պատրաստ եմ ընդունել իմ պատմությունը, եթե Դուք պատրաստ եք ընդունել ձերը»: Դժբախտաբար, Հայաստանի կառավարությունը մինչեւ այժմ դրական չի պատասխանել: Թուրքիան պատրաստ է գիտնականների եւ պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծել եւ ընդունել նրանց եզրահանգումները, եթե նրանք հիմնված լինեն ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի արխիվների, այլեւ ուրիշ ներգրավված երկրների, ներառյալ` Գերմանիան, որը 1915 թվականին Թուրքիայի լավագույն դաշնակիցն է եղել, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ այլն»: Բաղըշը նաեւ ավելացրել է. «Մենք քաղաքագետներ ենք, մենք ապագան կառուցելու պարտավորություն ունենք, այլ ոչ թե անցյալը: Քաղաքագետները չպետք է յուրացնեն պատմաբանների դերը»:
Սակայն Մարտին Շուլցը նրան այլ խորհուրդ է տվել. «Ինչպես գերմանացի եւ բազմազգ գերմանական խորհրդարանի ներկայացուցիչ, ես ամեն օր պետք է ընդունեմ մեր անցյալը` ոչ հեշտ, այլ ծանր անցյալը: Անցյալի ստվերները մնում են մինչեւ օրս: Սակայն իմ երկիրը, եւ ես դրանով հպարտանում եմ, արդեն 6 տասնամյակ է, ինչ նայում է իր պատմության դեմքին, ընդունում է ոչ թե մեղքը, քանի որ մեր սերունդը մեղավոր չէ անցյալի ոճրագործության համար, այլ մենք պատասխանատու ենք նրա համար, որ խուսափենք դրա կրկնությունից: Որքան հնարավոր է բաց լինել անցյալի նկատմամբ. դա դեպի ապագա լավագույն ճանապարհն է»: