Ուկրաինան Թրամփի աջակցությունը վայելող ներդրողներին է տվել լիթիումի խոշոր հանքավայրի մշակման իրավունքը, հաղորդում է The New York Times-ը։
Կիրովոգրադի մարզում Դոբրա հանքավայրի մշակման մրցույթում հաղթել է ներդրողների կոնսորցիումը, որի մեջ է կոսմետիկայի կայսրության ժառանգորդ և ԱՄՆ ներկա նախագահին դեռևս ուսանողական տարիներից ճանաչող Ռոնալդ Լաուդերը, հաղորդում է DW-ն։ Կոնսորցիումի մեկ այլ անդամ է TechMet-ը՝ էներգետիկ ընկերություն, որը մասամբ պատկանում է ԱՄՆ կառավարության ներդրումային գործակալությանը և ստեղծվել է Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։
Հանքավայրի մշակումն այս ներդրողներին վստահելու որոշումն ընդունել է Ուկրաինայի կառավարական հանձնաժողովը։ Վերջինս մերժել է ֆավորիտիզմի մեղադրանքները՝ նշելով, որ կոնսորցիումի առաջարկը համապատասխանում է մրցույթի չափանիշների մեծ մասին։
Դեռևս պարզ չէ, թե Lauder-ը և TechMet-ը որքան են պարտավորվել ներդրումներ կատարել լիթիումի հանքավայրի մշակման գործում։ Մրցույթում սահմանվել է 179 միլիոն դոլարի նվազագույն ներդրում, սակայն հանձնաժողովի անդամը NYT-ին ասել է, որ կոնսորցիումի խոստացված գումարը զգալիորեն ավելի բարձր է։
ԱՄՆ-Ուկրաինա հանքարդյունաբերության մասին համաձայնագրով՝ Դոբրա հանքավայրից Ուկրաինայի կառավարության ստացած եկամուտների կեսը կուղղվի համատեղ ներդրումային հիմնադրամ։
Լիթիումն օգտագործվում է մարտկոցների արտադրությունում, մասնավորապես՝ բջջային սարքերի և էլեկտրական տրանսպորտային միջոցների համար։





























