Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակներում քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար մեկ անձի համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կրկնել է, որ ԱՄՆ-ին անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է 57 հազար բնակչություն ունեցող Արկտիկական կղզին։ Դանիան, որի ինքնավար մարզն է ներկայում Գրենլանդիան, հայտարարել է, որ կղզին չի վաճառվում։ Եվրամիությունն աջակցել է Կոպենհագենին, հաղորդում է DW-ն։ Հարցումները ցույց են տալիս, որ գրենլանդացիներն ընդհանուր առմամբ աջակցում են Դանիայից ապագա անկախության գաղափարին, բայց դեմ են ԱՄՆ վերահսկողությանն անցնելուն։
Սպիտակ տունը հայտարարել է, որ քննարկում է կղզին ինչպես գնելու, այնպես էլ ուժով գրավելու հնարավորությունը։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հունվարի 5-ին զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի ներխուժումը կազդարարի ՆԱՏՕ-ի վերջը։ Հունվարի 7-ին The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփը չէր բացառել, որ իր վարչակազմը կարող է ընտրություն կատարել կղզու վրա վերահսկողություն հաստատելու և ռազմական դաշինքի ամբողջականությունը պահպանելու միջև։





























