Բացահայտվել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձ: Ինչպես հայտնում են տեղական աղբյուրները, դրա մասին ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի քաղաքացի Սիյաֆաթ Հեյդար օղլու Ֆարզալիևի հանդեպ դավաճանության հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել:
Օտարերկրյա պետությունում գտնվելու ընթացքում Ֆարզալիևը գաղտնի համագործակցել է այդ երկրի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ նյութական շահույթ ստանալու նպատակով: Ադրբեջան վերադառնալուց հետո, նրանց ցուցումով, նա նկարահանել է Նախիջևան քաղաքի և Շահբուզ շրջանի ռազմական և այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ՝ դրանք հանձնելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին:
Նաև հաղորդվում է, որ բնակարանը, որտեղ ապրում է կասկածյալը, խուզարկվել է, և հայտնաբերվել ու առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ զենքի առանձին մասեր:
Քննչական օպերատիվ միջոցառումները շարունակվում են:




























