Վրաստանից արտաքսել են Գերմանիայի 25-ամյա մի քաղաքացու, ով անկարգություններ էր արել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին։ Դեպքի վայրից արված տեսանյութը լայնորեն տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Կադրերի համաձայն՝ երիտասարդը հանկարծակի ագրեսիվ է դարձել. նա բղավել է իր անունը և քաղաքացիության երկիրը, ուղևորներին ցույց է տվել անհայտ լոգոտիպով նոութբուքի էկրան և անգլերենից անցել է արաբերենի։
Նրան հանգստացնելու համար անվտանգության աշխատակիցների և ուղևորների կողմից ձեռնարկված փորձերը անհաջող ավարտ են ունեցել։ Այնուհետև դեպքի վայր է կանչվել ոստիկանություն և նա ձերբակալվել է։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ հասարակական կարգը խախտելուց բացի, օտարերկրացին վիրավորել է իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանության պահանջներին չենթարկվել): Տղամարդու նկատմամբ նշանակվել է տուգանք 4 000 լարիի չափով և արտաքսում՝ երկիր մուտք գործելու երեք տարվա արգելքով: Միգրացիոն ծառայության աշխատակիցներն արդեն իսկ ի կատար են ածել որոշումը:



























